00:00:00

Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային կայան է կառուցվելու

18:17, 11 մայիս 2019 Հասարակություն

2019-2020թթ. ընթացքում կկառուցվելու է  55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը  տարածաշրջանում՝ Կովկասում  լինելու  է ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ «Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայանից 8-ը Գեղարքունիքի մարզում է, 2-ն արդեն կառուցված է։ Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։ Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն՝ 2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ», - ասաց Վարդանյանը։ Նշենք, որ համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից է եկել Հայաստան։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր: Նման գործարար համաժողովներ մինչ այդ անցկացվել էին նաև Արարատի ու Լոռու մարզերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր