2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի ընտրություններ էին անցկացնում: Այդ ժամանակվանից ի վեր երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել, ինչը նախկինում անում էին ամեն 4 տարին մեկ:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցը բարձրացրել է թուրքական մեջլիսում (խորհրդարան): Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, որում հետաքրքրվել է, թե արդյող նոր կանոնակարգ չընդունելը նշանակում է, որ պետությունը ցանկանում է ընդհանրապես վերացնել փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները՝ դրանք դարձնելով պետության կողմից նշանակովի պաշտոններ:
Փայլանը հարցադիմումի մեջ մասնավորապես ասել է.
«Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավար խորհուրդների՝ համայնքի անդամների կողմից ընտրվելն ապահովող կանոնակարգը 2013 թվականի հունվարի 19-ին չեղյալ է հայտարարվել և չնայած փոքրամասնությունների համառ պահանջներին՝ 6 տարի շարունակ նոր կանոնակարգ չի ընդունվել: Դրա փոխարեն Հիմնադրամների գլխավոր վարչությունը ժողովրդավարական լուծման սպասող համայնքներին հիասթափեցնող մի կարգավորում է ընդունել: Հրապարակված կարգավորումը նախատեսում է փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարող խորհուրդների կազմի՝ մահացությունների կամ հրաժարականների պատճառով նոսրացող շարքերը համալրել նշանակումների միջոցով:
Հիմնադրամների ղեկավարներն ու անդամները այդ կարգավորման վերաբերյալ արած հայտարարության մեջ ասել են, որ նման որոշումը նշանակում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այդ կազմակերպությունների ընտրական կարիքների անտեսում»:
Այնուհետև Փայլանը թեմայի վերաբերյալ կոնկրետ հարցեր է շարադրել՝ ակնկալելով Թուրքիայի Մշակույթի ու զբոսաշրջության նախարարի պատասխանները:
1.Ի՞նչ հիմքով է նշանակումներ անելու իրավասություն տրվել այն մարդկանց, որոնք առանց համայնքի վստահությունը կրկին ստանալու շարունակում են ղեկավարել արդեն 8-9 տարի, մինչդեռ ընտրվել էին 4 տարի ժամկետով:
2.Արդյո՞ք հրապարակված այս նոր որոշումով ղեկավար խորհուրդների ընտրությունները ավելի է հետաձգվում կամ՝ ընդհանրապես վերացվում:
3.Ի՞նչն է պատճառը, որ խորհուրդների կազմի ընտրություններն ապահովող կանոնակարգը 6 տարի շարունակ չի ընդունվում և ե՞րբ կընդունվի:
Ավելացնենք, որ այս խնդիրը ավելի վաղ՝ 2015 թվականին բարձրացրել էր Թուրքիայի նախորդ գումարման մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը:
Այն ժամանակ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցով գրավոր էր ներկայացրել հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Յալչըն Աքդողանին:
Աղբյուր` ermenihaber.am