Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները։
Բանն այն է, որ Էրդողանը Իզմիրում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, թե 20-րդ դարասկզբին քեմալական շարժման ընթացքում, երբ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի զորքերը պայքարում էին Իզմիր քաղաքի համար, «գյավուրները (անահավատները) շպրտվեցին ծով»: Գյավուրներ ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել հույներին։
Այդ կապակցությամբ Հունաստանի արտգործնախարարությունը, դատապարտելով և անընդունելի համարելով Էրդողանի հնչեցրած այդօրինակ որակումները, նշել է, որ նմանատիպ հայտարարությունները վնաս են հասցնում թուրք-հունական հարաբերություններին։ Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ այդ կերպ Թուրքիայի նախագահը պարզապես փորձում է ձայներ կորզել առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համար: