00:00:00

Իտալիայի Լացիո մարզն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

22:14, 19 մարտ 2019 Աշխարհ

Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին «Հայերն այսօր» պարբերականին հայտնել են Հռոմի հայ համայնքի խորհրդից: Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ պատրաստված բանաձևը խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի: Սերջո Փիրոցցին նաեւ հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլևս երբեք չկրկնվեն: Հավելենք, որ Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Իտալիայի 20 մարզերից մեկը հանդիսացող Լացիոն տեղակայված է թերակղզու կենտրոնական մասում։ Երկրի այն 5 մարզերից է, որոնք ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ: Լացիոն ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի ՀՆԱ, բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը։ 
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր