00:00:00

Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին (տեսանյութ)

15:02, 18 մարտ 2019 Աշխարհ

Մարտի 17-ին  Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող  Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսի Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Նա վախճանվել էր մարտի 8-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել են բազմաթիվ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ և մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն և այլք։ Մասնակցել են նաև ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինն, ինչպես նաև Էջմիածինից, Լիբանանից, Երուսաղեմից, Վատիկանից մեկնած հայ հոգևորականները։ 4 ժամ տևած հուղարկավորության արարողությունը ղեկավարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։  Մութաֆյանը հողին է հանձնվել Ստամբուլ Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված աշխատանքները կմեկնարկեն Սուրբ զատիկից հետո, քանի որ այդքան օր սուգ է հայտարարվել Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956թ. Ստամբուլում։ 1973-1975թթ. սովորել է Շտուտգարտի ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998-ին: 2008-ից ի վեր պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում էր հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը մինչ օրս ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
https://www.youtube.com/watch?v=G2NhnVsC5j0 Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր