Որոշում որպես այսպիսին չի կայացվել, քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզապես խոստացան, որ գիշերով թաքուն ոչինչ չեն ապամոնտաժի։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Խոստացան, որ պատահական ապամոնտաժում չի լինի։ Սրճարանների սեփականատերերն էլ առաջարկում էին, որ չնայած 10 տարով վարձակալության պայմանագիր ունեն, պատրաստ են գոնե 5 տարի աշխատել»,– ասաց Անի Խաչատրյանը։
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը չապամոնտաժելու տարբերակ չի տեսնում, այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը քաղաքապետն է. «Մենք հիմա բոլոր առաջարկները կքննարկենք քաղաքապետի հետ, որից հետո կտարածենք մեր որոշումը»։
Վիկտոր Մնացականյանը հայտնեց նաեւ, որ Հայկ Մարությանը քննարկմանը ներկա չէր, քանի որ Վրաստանի նախագահի հետ էր հանդիպման։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք բողոքի ցույց են արել մարտի 13–ին և թույլ չեն տվել ապամոնտաժման աշխատանքներ իրականցնել։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ իրենց պատշաճ կերպով ապամոնտաժման մասին չեն ծանուցել, խնդրի լուծում գտնելու համար իրենց հետ քննարկում չեն արել։