00:00:00

Գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանին

01:47, 13 մարտ 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին: Հիշեցնենք, որ վերջինս օրեր առաջ մեր զրույցում տեղեկացրել էր, որ Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել, մեկը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բողոքով պաշտպանական կողմը պահանջում էր պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին՝ հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար: Մեր հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց հետեւյալը. «Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, համաձայն որի միջնորդությունը պետք է պարունակի քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու պահանջ՝ պատասխան գրությամբ պարոն Ալումյանին պարզաբանվել է, որ նախաքննություն իրականացնող մարմնին մամուլի հաղորդագրություններ հրապարակելու կապակցությամբ որոշակի գործողությունների պարտադրելը, այդ թվում՝ բովանդակությունը հերքելուն կամ դրա հետ կապված հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելը, դուրս են դատախազությանը ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից: Եվ քանի որ դիմումը չի պարունակում քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու պահանջ, ուստի եւ չի կարող քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով»: Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում): Նրա մեղադրանքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ինչից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր