Թուրքական իշխանությունները վերանորոգում են ներկայում Էրզրումի նահանգի Ուզունդերե շրջանում (պատմ. Տայքի Ազդորաց փոր գավառ) գտնվող հայ քաղքեդոնական Օշկվանքը: Այժմ Չամլըյամաչ կոչվող, իսկ նախկինում հայկական Օշկ գյուղում գտնվող վանական համալիրի եկեղեցին վերանորոգվում է որպես վրաց քաղքեդոնական եկեղեցի:
Համալիր այցելած Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիսը լրագրողների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ նույնպես եկեղեցին անվանել է վրացական ժառանգություն, ինչպես որ արդեն տարիներ շարունակ վրացիների ակտիվ «ջանքերով» դա անում են այլ թուրք պաշտոնյաներ ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ:
Էրզրումի նահանգապետը նշել է, որ շուտով վերանորոգելու են եկեղեցին (աշխատանքներն արդեն սկսվել են) և զբոսաշրջության կենտրոն են դարձնելու:
«Այստեղից լուրջ եկամուտներ կարելի է ստանալ և աշխատատեղեր ստեղծել: Այս տեղ ծախսված փողերը չեն կորչի, քանի որ սա հիասքանչ հուշարձան է: Օշկվանքում հատուկ աշխատանքներ ենք իրականացնելու և սա դարձնելու ենք տուրիստական կարևոր վայր»,- ասել է Մեմիսը:
Տեղեկացնենք, որ Օշկվանքը հայ-քաղկեդոնական վանական համալիր է եղել պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թթ և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին: Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև 15–րդ դարի վերջը։
Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թթ.։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։
Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։
1985թ. Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։