00:00:00

Ավինյանն ու Ավստրիական զարգացման համագործակցության ներկայացուցիչը քննարկել են կոոպերատիվների ստեղծման հարցերը

20:16, 21 փետրվար 2019

Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին (Gerhard Schaumberger): Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարեւորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման եւ հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգեր նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են, եւ իրենք պատրաստ են աջակցել  կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում եւ ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առեւտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման եւ կոոպերատիվների ստեղծման հարցերը: Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ եւ ԱԶՀ կողմից (9,7 մլն եւ 2 մլն համապատասխանաբար) եւ իրականացվելու է ԱԶՀ կողմից: 2011 թ-ից ի վեր՝ ԱԶՀ-ը ֆինանսավորել  է մոտ 30 մլն եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր Հայաստանում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը եւ նպաստել եկամուտների աճին: Ընթացիկ ծրագրերի թվում են անասնապահության  եւ օրգանական գյուղատնտեսության զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր