Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեորգի Մուրադյանը ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այս ազատումը, սակայն չի նշանակում, որ նոր իշխանությունները Մուրադյանին ուղարկում են «վաստակած» հանգստի։
Մեր տեղեկություններով Ժորիկը նոր աշխատանքի է անցնելու։ Այս անգամ նրա հանգրվանը լինելու է Արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ Գեորգի Մուրադյանը հաղթել է ԱԳՆ-ում հայտարարված թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթում։
Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Գեորգի Մուրադյանը հանձնել է գրավոր եւ բանավոր քննություն, եւ հավաքել անհրաժեշտ միավորները։
Հիշեցնենք, որ վերջերս ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար մրցույթ էր անցկացվել, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել մի շատ «փորձառու», «բանիմաց» և «անփոխարինելի» կադր, այլ կերպ ասած բոլոր ժամանկների Ժորիկը։
Հիշեցնենք, որ Գեորգի Մուրադյանը մինչ Ավինյանի գրասենյակում «հանգիստ նստելը» հասցրել էր լինել նախկին իշխանության խամաճիկներից մեկը։ Մուրադյանը նաեւ թմրամիջոցներ ներմուծելու համար էր դատապարտվել։ Նա բավակին մոտ հարաբերությունների մեջ է եղել նաեւ հետախուզման մեջ գտնվող Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Բայց երբ վերջինիս դիմել են այդ հարցով, Մուրադյանը պատասխանել է, որ վաղուց դադարել է շփվել Նարեկ Սարգսյանի հետ։ Այսպիսի կտրուկ ուրացումը փոքր-ինչ զարմանալի է, քանի որ այդ երկուսի ֆեյսբուքյան գրառումներն այլ բանի մասին են հուշում: Բայց, ինչպես տեսնում ենք, Գեորգի Մուրադյանին այսօր նախկին էջերը շատ են խանգարում: Մինչդեռ կային ժամանակներ, երբ Նարեկը միայն ու միայն օգնում էր նրան: Արդյո՞ք հենց այդ օգնության արդյունքում չէր, որ Մուրադյանը նախ դարձավ Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, իսկ հետո Հովիկ Աբրահամյանի օգնականն էր: Սրա մասին Տիգրան Ավինյանի խորհրդականը նպատակահարմար է գտնում լռել: Փոխարենը հիմա հեղափոխվել է եւ հայտարարում է. «Մենք զուտ ընկերական հարաբերություններ ենք ունեցել։ Բայց հետո ես հասկացա, որ նա այն մարդը չէ, ինչպիսին ներկայանում է։ Մեր միջև տարաձայնություններ եղան և ուղղակի դադարեցրինք շփվել»: Հետաքրքիր է ե՞րբ եւ ինչ պայմաններում, ավելի ճիշտ ինչի ազդեցության տակ մերօրյա հեղափոխական Ժորիկը հասկացավ, որ Նարեկ Սարգսյանն էլ էն մարդը չէ։ Եթե Նարեկը փոխվել` դարձել է Ֆրանկլին Գոնսալես, ապա Ժորիկը բոլոր ժամանակներում նույնն է։
Irakanum.am