00:00:00

ԵԽ-ում բարձր է գնահատվել ՄԻՊ-ի հետ աշխատանքը. բարձրաստիճան հանդիպումներ Ստրասբուրգում

14:55, 21 փետրվար 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաեւ Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Տեղի են ունեցել նաեւ քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին եւ այլն: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, հոգեկան առողջության խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է այս ոլորտներում իր արձանագրած խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները: Մասնավորապես, նշվել է, որ պետք է արմատավորվի ազատությունից զրկված անձանց աստիճանական ազատ արձակման մեխանիզմ, ինչպես նաեւ պետք է զարգացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը: Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում առկա վիճակը, համայնքահեն ծառայությունների, բուժման այլընտրանքային մեթոդների զարգացման ուղղությունները: Քննարկվել են նաեւ այն խնդիրները, որոնց բախվում են կանայք կարծրատիպերի, հասարակությունում եւ պետությունում նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների պատճառով: Հանդիպումների ընթացքում կարեւորվել է նաեւ Պաշտպանի կողմից վերջին ժամանակներս ձեւավորված նոր պրակտիկան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացնելը եւ այլն: Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության բարձր որակը, բարձրացվող հարցերի բարձ պրոֆեսիոնալիզմը: Բարձր է գնահատվել համատեղ աշխատանքը Պաշտպանի հետ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների համակարգի շարունակական բարելավմանը: Հանդիպումների ավարտին կողմերը ձեռք են բերել հետագա աշխատանքի նոր պայմանավորվածություններ, ինչպես նաեւ արձանագրել համատեղ աշխատանքի լրացուցիչ հանձնառություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր