00:00:00

ՄԻԵԴ-ը չի քննել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն. Վահե Գրիգորյան

22:15, 20 փետրվար 2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրերին, թե ՄԻԵԴ-ը 2012թ․-ին կայացրել է մի որոշում՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը «Մարտի 1»-ի գործով մերժելու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քրգործին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան տեղեկացա, որ մի շարք ԶԼՄ-ներ սկսել են տարածել լուրեր այն մասին, թե իբր ՄԻԵԴ-ը 2012թ․-ին կայացրել է մի որոշում՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ: Այնուհետև, տեքստի՝ իրականությանը չհամապատասխանող անհասկանալի և մանիպուլյատիվ շարադրանքը եզրահանգ(եցր)ել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ քննել է 2008թ․-ի մարտի 1-ի առանցքային հարցերի վերաբերյալ մի գանգատ և որոշել, որ «ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին առաջդրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012 թվականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ … »: Տեղեկացնեմ, որ ոչ ՄԻԵԴ-ը, ոչ էլ որևէ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել Նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է, և ոչ էլ ՄԻԵԴ կողմից որևէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք Նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին և պրն Գևորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել, և միայն իրավաբանները կհասկանան, թե իրավատգիտության ոլորտի ինչպիսի բարձր գիտական կոչում պետք է ունենա այն իրավաբանը, որը կարծում է, թե ՄԻԵԴ-ը որևէ ընդունելիության որոշմամբ կարող էր հերքել համ հաստատել որևէ մեկի քրեաիրավական իմաստով մեղքը։ Վկայակոչված ՄԻԵԴ որոշումը բացարձակապես այլ հարցերի մասին է և այն ոչ թե ըստ էության, այսինքն գանգատի էության մասին որոշում է, այլ դրա ընդունելության։ Ցանկացած ընթերցողի համար բավականին ինֆորմատիվ կարող է լինել այս որոշման ուսումնասիրությունը։ Ինչ վերաբերում է 2008թ․-ի մարտի 1-ին Նախագահ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ քննությանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապես և առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը չի մերժվել, այլ մասնակի ընդունելի է ճանաչվել և այս պահին, կրկին, սպասում է վճռին։ Զբաղվածության պատճառով չեմ կարող ավելի հաճախ և ավելի մանրամասն անդրադառնալ Լյուիս Քերըլի պոեմների ոճով այսպիսի պրոպագանդիստական հրապարակումներին։ Փոխարենը, վստահելով իմ ընթերցողների բարձր մեդիա և իրավական գրագիտությանը ես կտեղադրեմ վերաբերելի նյութեր ներքևում՝ լրագրողների կամ առհասարակ սեփական կարծիք կազմելու համար հետաքրքրվողների ծանոթանալու համար։ ՀԳ․ Հարգելի լրագրողներ։ Ես հասկանում եմ, որ ամեն նման անմիտ հրապարակում կարող է բարձր հետարքրքրություն առաջացնել ընթերցողների մոտ և, բնականաբար, հարուցել նաև դրան պատասխանելու/պարզաբանելու համար իրազեկ մասնագետների արձագանքելու անհրաժեշտություն։ Ամենախորը հարգանքով հանդերձ ձեր մասնագիտության և ծառայության նկատմամբ, ես ի վիճակի չեմ ամեն նման հրապարակումների կապակցությամբ առանձին առանձին յուրաքանչյուր ԶԼՄ-ի պարզաբանում տալ բացառապես ժամանակի սղության պատճառով։ Այս պարզաբանումը կատարում եմ տեսնելով ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը, որոնց պատասխանելիս պետք է անհրաժեշտաբար կտրվեմ ոչ պակաս կարևոր աշխատանքային առօրյայիցս։ Վստահ եմ, որ տեղյակ եք հիմնական զբաղվածությանս առարկայի մասին։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Բոլորիդ նամակներն ու հարցերը տեսել եմ և այս հրապարակմամբ դրանց բովանդակային հիմնական մասը փորձել եմ ծածկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր