00:00:00

Երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները հետ բերելու համար Կառավարությունը մտադիր է վերանայել օրենսդրությունը

19:39, 06 փետրվար 2019

ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող  անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպու­թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Այս մասին ասվում է կառավարության 2019 թ.-ի ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում: Նշվում է, որ նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո­ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա: Ըստ ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնա­հերթություններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է «վճռա­կան, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող»: «Կառավարությունը ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման»,- ասվում է ծրագրում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը (եկամուտ վճարողների անունները (անվանումները), գույքի գտնվելու երկիրը և այլն): «Այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորություն է դիտարկվում, որի համաձայն հակակոռուպցիոն համապատասխան մարմինն իրավասություն կունենա ստուգելու նշանակման ենթակա՝ ՀՀ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը)  ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվա­կան բնույթի եզրակացություն ներկայացնելու տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին»: Տնտեսական գործունեության թափանցիկության մասով կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից է համարում օրենքով սահմանված որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ: Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր