00:00:00

Խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ. Զ. Մնացականյանը եւ Մ.Մայիլյանը հանդիպել են

23:51, 12 հունվար 2019

Հունվարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության ծրագրում դեռևս նախորդ տարվա մայիսին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա մասնավորապես ընդգծեց, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտեց խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում: Ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը: Կարևորվեց լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառման և դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք բաղկացուցիչ մասն են կազմում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար: Երկուստեք նշվեց, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծեցին, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների օրակարգում ներառված միջոցառումներին և կարևորեցին դրանց նախօրեին միմյանց միջև մտքերի փոխանակման ձևավորված գործառույթը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Արցախի միջև ոլորտային համագործակցությանն ու երկկողմ օրակարգին առնչվող հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր