018թ․ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների և իրավաբանների միությունների առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության և կարևորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել և բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի և դրանում հատկապես ՓՊ նախագահի անհասկանալի վերաբերմունքի ասպեկտները:
Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման ընթացքում համակազմակերպիչների հրավիրած փորձագետներին հետաքրքիր և ուսանելի կարծիքներ մեզ հետ կիսելու համար:
Քանի որ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ սա առաջին միջոցառումն է Երևանում, որտեղ հայաստանյան փաստաբանության առջև ծառացած որոշ խնդիրների քննարկմանը մասնակից են դարձվել, ՓՊ նախագահի խոսքով, ընդդիմադիր փաստաբանները (ես կամ իմ որևէ կոլեգա չէ, որ մեզ նման որակում ենք տվել), ապա կցանկանայի հայաստանյան փաստաբանության առջև ծառացած որոշ խնդիրների վրա հրավիրել ներկաների ուշադրությունը:
Մոտ 30 փաստաբաններ արդեն իսկ դիմել են Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (ԵՓԻՄԽ/CCBE)՝ բարձրաձայնելով մի խումբ լրջագույն խնդիրների մասին, ակնկալելով այդ և մի շարք այլ միջազգային մարմինների դիրքորոշումը դրանց լուծման կապակցությամբ:
Մենք մասնավորապես այն դիրքորոշումն ունենք, որ ՀՀ ՓՊ նախագահը և խորհուրդը փաստաբանների մասնագիտական ինքնակառավարման այս ինստիտուտը փաստացի վերածել են Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանի մասնագիտության նկատմամբ Սահմանադրության և մասնագիտությունը կարգավորող ազգային և միջազգային ստանդարտներին հակառակ վերահսկողություն սահմանելու նպատակով գործիքի:
Այս գործընթացը երևելի է դարձել դեռևս 2014թ. և հետևողականորեն ու նպատակաուղղված քաղաքականության միջոցով այն՝ Ադրբեջանում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մասնակի կամ ամբողջական նմանությամբ իրականացվում է առայսօր:
ՓՊ նախագահի և խորհրդի միջոցով իրականացվող քաղաքական իշխանության նման քաղաքականությունը պատճառ էր հանդիսացել, որպեսզի դեռևս 2015թ. շուրջ 30 փաստաբաններ բողոքով հանդես գային ՓՊ նախագահի և վարչակազմի գործողությունների դեմ՝ պահանջելով դադարեցնել փաստաբանների նկատմամբ ՓՊ նախագահի ղեկավարությամբ և աջակցությամբ վարվող՝ մեր մասնագիտությանն անհարիր անպարկեշտ գործելաոճը, որն ի վերջո հղի է մասնագիտական հեղինակության նկատմամբ անդառնալի վնասով: Որևէ քայլ չէր ձեռնարկվել և որևէ անձ, ըստ էության պատասխանատվության չէր ենթարկվել նման գործելաոճի համար:
2016թ. նույն ցուցակով ընտրված ՀՀ ՓՊ խորհրդի կազմն առավել ևս ամրապնդել է կառավարության ձեռքին «անհնազանդ» փաստաբանների նկատմամբ ՓՊ-ն որպես գործիք օգտագործելու պրակտիկան: Այս կապակցությամբ, փաստաբաններին «լռեցնելու» նպատակով կիրառվող հիմնական «արդյունավետ» միջոց որպես մշտապես օգտագործվել է նրանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելը և դրանք ընթացակարգային նվազագույն երաշխիքների խախտումներով իրականացնելը:
Կարգապահական վարույթների իրականացումը հիմնականում կառավարության համար զգայուն քրեական գործերով փաստաբանների կամ ՀՀ ՓՊ ընդդիմախոսների դեմ իրականացվում է որպես կանոն և գերակշռաբար հետևյալ ընթացակարգային նվազագույն իրավունքների խախտումներով.
- Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհուրդը հետևողականորեն անտեսում է իր՝ որպես կարգապահական գործերով դատարանի անկախության և անաչառության չափանիշը: ՓՊ խորհրդի կազմում գործերի քննությանը մասնակցում են ՓՊ նախագահից, ինչպես նաև այլ պետական կազմակերպություններից վարչական կամ աշխատանքային կախման մեջ գտնվող կամ հենց պատասխանող փաստաբանի դեմ բողոքը պատրաստելուն մասնակից ՓՊ խորհրդի անդամները.
- Կարգապահական վարույթներ հարուցելիս ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է կիրառել որևէ իրավական չափորոշիչ: Քաղաքական իշխանության կամ հենց ՓՊ նախագահին կամ խորհրդին ընդդիմադիր ցանկացած փաստաբանի դեմ ցանկացած բողոք բավարար է ՓՊ նախագահի համար կարգապահական վարույթ հարուցելու համար.
- ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է տրամադրել կարգապահական վարույթ հարուցելու կամ դրանց հարուցումը մերժելու մասին իր կայացրած որոշումները՝ դրանցում կիրառված չափորոշիչները հստակեցնելու և որոշակիացնելու համար վերլուծություն կատարելու նպատակով: Մեր կարծիքով, այդ որոշումների չտրամադրման հիմնական պատճառն այն է, որ դրանց վիճակագրությունն ու դրանցում կիրառված չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալու, որ կարգապահական վարույթները խտրականորեն հարուցվում են հիմնականում քաղաքական հետաքրքրության գործերով կամ «ընդդիմադիր» փաստաբանների նկատմամբ, մինչդեռ ՓՊ նախագահի և նրա աջակիցների դեմ ներկայացված բողոքներով որևէ վարույթ չի հարուցվում: Կամ այդպիսիք հարուցվում են որպես եզակի օրինակներ՝ հենց այսպիսի քննարկումների ժամանակ դրոշակ դարձնելու համար, որպեսզի ցույց տրվի .
- Փաստաբանների դեմ բողոքներ կազմելուն և ներկայացնելուն անմիջականորեն մասնակից են լինում ՓՊ նախագահը և խորհրդի անդամները, ինչը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում բացահայտել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ բացահայտվում է, որևէ պատասխանատվության նշված անդամների նկատմամբ չի հանգեցնում.
- Կարգապահական գործերի վարույթներով նիստերը որոշ դեպքերում տեղի են ունենում փաստաբանների վարքին անվայել և էթիկայի հետ անհամատեղելի պայմաններում՝ ՓՊ խորհրդի որոշ անդամների անհավասարակշիռ և անընդունելի պահվածքի զուգորդմամբ.
- Կարգապահական վարույթների իրականացման ընթացքում կարևորություն չի տրվում փաստաբան-վստահորդ հարաբերությունների գաղտնիության պահպանմանը, իսկ շատ դեպքերում դրան միջամտելու և նրանց հարաբերությունների պաշտպանությունը խախտելու նպատակով գործողություններ կատարվում են հենց ՓՊ նախագահի կամ խորհրդի անդամների կողմից.
- Առայսօր ոչ ՓՊ խորհուրդը, ոչ էլ ՓՊ նախագահը չի հրապարակել կարգապահական վարույթներ հարուցելու չափորոշիչների և սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ: Հաշվի առնելով, որ դրա հետ մեկտեղ այդ վարույթների հարուցման և դրանց մերժման որոշումներն էլ ՓՊ-ն հրաժարվում է տալ, ապա արհեստականորեն իրավական անորոշություն ստեղծելով ՓՊ նախագահը և խորհուրդն ակնհայտ կամայական մեկնաբանություններով են կիրառում փաստաբանների վարքագծի կանոնագրքի կանոնները, ինչն առավել ընդգծվածությամբ դրսևորվում է հենց քաղաքական դատավարություններում պաշտպանների և «ընդդիմադիր» փաստաբանների դեմ գործերով.
- Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհրդի որոշ անդամներ նվազագույն գիտելիքների անգամ չեն տիրապետում այն ոլորտում, որի կապակցությամբ քննում են կարգապահական գործեր (չնշած նույնիսկ փորձի իսպառ բացակայությունը): Ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ձևավորվող կարծիքն այնպիսին է, որ որոշումն արդեն կայացված է, իսկ կարգապահական վարույթը սոսկ ձևականություն է դրա լեգիտիմությունն ապահովելու համար.
- Կարգապահական գործերի քննության ընթացքում երբևէ չի պահպանվում դատական կազմի կայունության սկզբունքը: Պատասխանող փաստաբանները երբեք չեն ծանուցվում, թե ով է մասնակցելու իր գործով կարգապահական վարույթին: