UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին։ Նոր ծառայությունը գործարկվել է MoneyTO բրիտանական դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակում։
2026 թվականի հունվարի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրել է երկու համակարգերի միջև համագործակցության թույլտվության որոշում։
Հայաստանից դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում։ Փոխանցումները հասանելի են ՀՀ դրամով, ֆունտ ստեռլինգով, եվրոյով և ԱՄՆ դոլարով, սակայն գումարը ստացողի բանկային հաշվին մուտքագրվում է ֆունտ ստեռլինգով: Փոխանցման միջնորդավճարը` սկսած 0%-ից։
Դրամական փոխանցումները շարունակում են կարևոր դեր ունենալ ՀՀ տնտեսության համար՝ հանդիսանալով ֆինանսական միջոցների նշանակալի աղբյուր։ 2025 թվականին արտերկրից Հայաստան ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.98 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից դուրս փոխանցվել է 4.3 միլիարդ դոլար։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա փոխանցումների ծավալն աճել է գրեթե 6 անգամ։
«UBPay-ի միջազգային գործընկերային ցանցի ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև Հայաստանից գումար ուղարկելու համար հասանելի երկրների ցանկը։ Մենք վստահ ենք, որ նոր ծառայությունը մեծ պահանջարկ կունենա այն մարդկանց շրջանում, որոնց հարազատները սովորում, աշխատում կամ ապրում են Մեծ Բրիտանիայում։ Այժմ դրամական փոխանցումներ կատարելը և ֆինանսական աջակցություն ցուցաբերելը նրանց համար դարձել է ավելի արագ և հարմար», — նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Մենք բարձր ենք գնահատում UBPay-ի հետ համագործակցությունը, որը մեզ համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Ուրախ ենք առաջարկել հարմար և վստահելի միջոց՝ Մեծ Բրիտանիա բանկային հաշիվներին արագ փոխանցումներ իրականացնելու համար։ Մեր առաջիկա ծրագրերում է նաև հակառակ ուղղության գործարկումը՝ Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան փոխանցումների մեկնարկը», — ընդգծել է MoneyTO-ի տնօրեն Գալինա Սելիցկան։
Այսօր UBPay-ին է պատկանում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի զգալի մասնաբաժինը՝ համակարգով իրականացվում է գործարքների մոտ մեկ երրորդը։ UBPay-ն առաջարկում է ինտուիտիվ պարզ API, որը բանկերին և դրամական փոխանցումների համակարգերին հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել ծառայությունները և ապահովել անխափան ու անվտանգ գործարքներ։
UBPay-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը։ Այս տարի, MoneyTO-ի հետ համագործակցությամբ, նախատեսվում է գործարկել նոր փոխանցումների ուղղություններ, այդ թվում՝ դեպի եվրոպական երկրներ։
UBPay համակարգի օպերատորն է Յունիբանկը: