Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ կանգնած ենք պատմության մի հանգրվանում, որտեղ մեր նախնիներից ստացած հոգևոր ավանդը պետք է ոչ միայն պահպանենք, այլև վերաթարմացնենք մեր սեփական հավատքով։
««Բաց չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես» (Ծննդոց 32:27)։
Մեր ազգի պատմությունը հոգևոր մի մեծ մենամարտ է՝ նման Հակոբ նահապետի այն առեղծվածային գիշերվան, երբ նա կառչած մնաց Աստծո հրեշտակին՝ գիտակցելով, որ առանց օրհնության իր անցյալը չունի ապաքինում, իսկ ապագան՝ իմաստ։ Մեր հայրերը հենց այդ «սուրբ համառությամբ» ապրեցին։ Նրանք գիտեին մի պարզ ճշմարտություն. օրհնությունն այն անտեսանելի հիմքն է, որի վրա բարձրացել են մեր տաճարները, պահպանվել է մեր լեզուն և հարատևել մեր ազգը։ Նրանք այդ օրհնությունը չստացան հեշտությամբ։ Նրանք այն վաստակեցին ծունկի գալով, պահքով, աղոթքով և Աստծո փեշերից ամուր կառչած մնալով նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ։
Այսօր հերթը մերն է։ Մենք կանգնած ենք պատմության մի հանգրվանում, որտեղ մեր նախնիներից ստացած հոգևոր ավանդը պետք է ոչ միայն պահպանենք, այլև վերաթարմացնենք մեր սեփական հավատքով»,- նշել է Տեր Հայրը։
Տեր Աբրահամի խոսքով՝ օրհնությունը պարզապես բարեմաղթանք չէ, այն աստվածային հովանին է, որը մեզ պաշտպանում է հոգևոր ամայությունից։
«Առանց դրա՝ մեր տները դառնում են սոսկ շինություններ, մեր աշխատանքը՝ անպտուղ հոգնություն, իսկ մեր ապագան՝ անորոշություն։ Բայց երբ մենք վաստակում ենք այդ օրհնությունը, մեր զավակներին փոխանցում ենք ոչ թե լոկ նյութական հարստություն, այլ մի այնպիսի ժառանգություն, որը ժամանակը չի կարող մաշել, և ոչ մի փորձություն չի կարող խլել։
Մենք այսօր աղոթում ենք ու պահք պահում ոչ թե սովորության ուժով, այլ որպեսզի կամրջենք մեր հայրերի հավատքը մեր զավակների վաղվա օրվա հետ։ Թող այս Մեծ Պահքը լինի մեր հոգևոր արթնության ժամանակը։ Բաց չթողնենք Աստծուն, մինչև չզգանք Նրա կենսատու օրհնությունը մեր էության մեջ, որպեսզի կարողանանք այն սրբությամբ փոխանցել նրանց, ովքեր գալու են մեզնից հետո»,- հավելել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։