Մի կողմ թողնելով այն, որ Սերժ Սարգսյանը մոդելի փոփոխության գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար, համարժեքությունը թերեւս պահանջում է արձանագրել, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանում որեւէ մեկը անկարող էին զուտ այդ մի շարժառիթով լուծել կառավարման մոդելի փոփոխության հարց, որովհետեւ Հայաստանն ի վերջո անմարդաբնակ կղզի չէ Խաղաղ օվկիանոսի որեւէ հատվածում, այլ աշխարհաքաղաքական միավոր, դե յուրե եւ դե ֆակտո սուբյեկտ, որի վրա եւ որի շուրջ խաչվում են միջազգային գերհզոր սուբյեկտների շահեր: Հետեւաբար այն, ինչ կատարվում է Հայաստանում, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի չի կարող չպարունակել «արտաքին հաշվետվության» որոշակի աստիճան, չափաբաժին:
Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունն ունի միջազգային կենտրոնների համար կանխատեսելիության խնդիր: Այդ խնդրի նվազագույն իսկ լուծում չունենալու պարագայում Հայաստանի հարցում կարող են կայացվել սկզբունքային որոշումներ, որոնք կպարունակեն կոնսենսուս անգամ ներկայումս հակադրության բարձր աստիճանի մեջ գտնվող բեւեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Նրանք կարող են ունենալ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանության, քաղաքական կուրսի, աշխարհաքաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, կարող են ունենալ տարբեր պատկերացումներ եւ շահերի բախում, սակայն մի բանում նրանք թերեւս չեն կարող չունենալ ընդհանուր հայտարար՝ Հայաստանի իշխանության կանխատեսելիություն, առնվազն միջնաժամկետ: Ըստ այդմ՝ արդեն ներքին դաշտում որոշումների ու մեխանիզմների ձեւավորման գործընթացում իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը եւ ըստ այդմ որոշումների վերջնական կայացման գործընթացում առաջնորդվել առանց դրանց վերաբերյալ արտաքին գնահատականների եւ վերաբերմունքի: Հայաստանի իշխանությանը հնարավոր է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ուժային կենտրոններին «տհաճ անակնկալներ» մատուցելու արկածախնդիր անխոհեմության մեջ: Ըստ այդմ՝ եթե անգամ Հայաստանում գործ ունենք ոչ թե առկա ներքին համակարգային ճգնաժամը ավելի արդյունավետ կառավարելու, իրավիճակի համար անձնական պատասխանատվությունը նախագահի վրայից իշխանական հնարավորինս ավելի շատ տարածքներում ուղղակիորեն ներդնելու բազմակենտրոն մոդելի հետ, այլ ճգնաժամահեն մեխանիզմի, ապա այս դեպքում թերեւս ճգնաժամահենությունն առերեւույթ է, իսկ խորքում պետությունը պարզապես մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում