Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել։ Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնողների մեծ մասը գործող մարզպետներն են։ Սա նշանակում է, որ մարզպետներից մի քանիսը կվերանշանակվեն։ Մասնավորապես գործադիրում կշարունակեն աշխատել Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արարատի, ինչպես նաեւ Վայոց Ձորի մարզպետները։ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետները հիշեցնենք ընտրություններին ընդգրկված չէին «Իմ քայլը» դաշինքում։
Ինչ վերաբերում է Տավուշի եւ Շիրակի մարզպետներին, ապա մեր ունեցած տեղեկություններով նրանք իրենց աշխատանքը կշարունակեն օրենսդիր դաշտում։ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը չի հերքել տեղեկություններն այն մասին, որ ցանկություն է հայտնել վերցնել պատգամավորական մանդատը։
Այս օրերին Շիրակի նոր մարզպետի անուններ են շրջանառվում։ Կան խոսակցություններ, որ Հայաստանի ամենաաղքատ մարզի մարզպետ նշանակվելու ցանկություն ունի Կարեն Սարուխանյանի տեղակալներից՝ Վարդան Գրիգորյանը։ Միաժամանակ ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Շիրակի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Վերջինս մինչ փոխքաղաքապետի պաշտոնին նշանակվելը եղել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը։ Նրա՝ թատրոնը ղեկավարելու տարիներին թատրոնը նոր շունչ ստացավ։ Երեւանում աշխատանքի անցնելուց հետո էլ կապը հարազատ քաղաքի, մարզի ու թատրոնի հետ Վիրաբյանը շարունակում է պահպանել։
Irakanum.am