00:00:00

Հայաստանը Ռուսաստանին աջակցող «մարգինալների» խմբում է

00:15, 19 դեկտեմբեր 2018 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված՝ Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ռուսական ռազմականացման վերաբերյալ հռչակագիրը, որի օգտին քվեարկել է 66 երկիր: Հայաստանը, 18 այլ երկրների հետ միասին, դեմ է քվեարկել ուկրաինական հռչակագրին, ինչը ներկա աշխարհաքաղաքական  իրողություններում առնվազն տարօրինակ է և մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչու՞ էր այս հռչակագիրը կարևոր հենց հիմա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության նոր ալիքը բարձրացավ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ռուսական կողմը գրավել էր երեք ուկրաինական նավ՝ իրենց անձնակազմերով, թույլ չտալով նրանց հասնել Ազովի ծովում գտնվող ուկրաինական նավահանգիստ: Այս միջադեպը միջազգային հանրության կողմից արժանացավ սուր քննադատության և որակվեց որպես ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ: ՄԱԿ-ի այս հռչակագիրը, փաստացի, միջազգային հանրության առարկայական արձագանքն է տեղի ունեցածին: Հռչակագրով ՄԱԿ-ը դատապարտում է Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը, ինչպես նաև այդ տարածաշրջանում Մոսկվայի կողմից միջազգային նավարկության սահմանափակումները: Չնայած ռուսական կողմի այն պնդումներին, թե ուկրաինական նավերն իրենք են խախտել Ռուսաստանի ջրային սահմանները և դիմել սադրանքի, միջազգային արձագանքն այս հարցում միանշանակ է, և Մոսկվան, փաստացի, գտնվում է միջազգային լիակատար մեկուսացման մեջ՝ թերևս, բացի ևս 18 երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, որոնք նույնպես գտնվում են «մարգինալների» խմբում: Ովքե՞ր են դեմ եղել ուկրաինական հռչակագրին Ուկրաինայի կողմից առաջարկված բանաձևը՝ իր բովանդակությամբ, ուղղված է Ռուսաստանի գործողությունների դեմ և դատապարտում է նրա վերահսկողության տակ գտնվող Ղրիմի և Սև ու Ազովի ծոցերի տարածաշրջանի ռազմականացումը: Հետևաբար, տրամաբանական է, որ այս հռչակագրին պետք է դեմ լինեին Ռուսաստանի դաշնակիցները, առաջին հերթին՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամները: Քվեարկության պատկերը, սակայն, ամբողջովին այլ բանի մասին է վկայում: Ռուսաստանի, այսպես ասած, նոմինալ դաշնակիցներից հակառուսական հռչակագրին դեմ են քվեարկել միայն Հայաստանն ու Բելառուսը: ՀԱՊԿ և ԵԱՏՄ մյուս երկրները՝ Ղազախստանը և Ղրղզստանը  ձեռնպահ են քվեարկել, իսկ Տաջիկստանն ընդհանրապես չի քվեարկել: Փոխարենը, Ռուսաստանին աջակցող ճամբարում են հայտնվել Հյուսիսային Կորեան, Բուռունդին, Կամբոջան, Կուբան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Սերբիան, Հյուսիսային և Հարավային Սուդանները, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար Այս քվեարկությունը, թերևս, մեկ անգամ էլ ապացուցում է, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներն առնվազն կայացած չեն, հակառակ դեպքում, որպես դաշնակից երկրներ, ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր կլինեին աջակցություն հայտնել Ռուսաստանին: Այնինչ, քվեարկության պատկերը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ որոշ երկրներ նախընտրել են չքվեարկել հռչակագրին, ինչը վկայում է, որ ինտեգրացիոն այս կառույցում դաշնակիցներին անվերապահ աջակցություն հայտնելը, միգուցե, այնքան էլ սկզբունքային չէ: Իսկ եթե դա սկզբունքային չէ, ապա ինչու՞ է Հայաստանը քվեարկել հենց այս կերպ և հայտնվել միջազգային «մարգինալների» խմբում: Հարցն առավել հետաքրքիր է դառնում նույն ՀԱՊԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, երբ ակնհայտորեն սրված են Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները, իսկ ՀՀ նոր իշխանությունները փորձում են փոխել իրենց հռետորաբանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի նոր իշխանությունների հռչակած՝ եվրասիական կառույցներում ավելի սկզբունքային և արդյունավետ աշխատելու նպատակը դեռևս գտնվում է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման շուրջ քննարկումների մակարդակում, իսկ վերջին շրջանում Հայաստանի կողմից Ռուսաստանին արվող նորանոր զիջումների շարք է նկատվում, որը, սակայն, արդեն այլ քննարկման թեմա է:   Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր