00:00:00

Արարատ Միրզոյանն ընդունել է ENEMO դիտորդական առաքելության պատվիրակության անդամներին

02:08, 05 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրել է, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրական գործընթացում իրենց դիտորդական առաքելության ներգրավումը։ Նա նաև ընդգծել է, որ ի տարբերություն անցած խորհրդարանական ընտրությունների, ընտրական գործընթացներում ներգրավված հաստատությունները և հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ունենալով նույն կազմը և գործելով նույն օրենսդրական կարգավորումների պայմաններում, դրսևորում են բացարձակ այլ որակի գործունեություն՝ առավել բաց են, անկախ և թափանցիկ։ Պատվիրակության անդամները նախընտրական քարոզարշավի ընթացքը բնորոշել են հանգիստ։ Պարոն Վույովիչը տեղեկացրել է, որ ENEMO-ի միջանկյալ զեկույցը հանրությանը կներկայացվի արդեն այսօր։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ իշխանություններն ունեն հաստատուն կամք ինչպես կանխելու, այնպես էլ բացահայտելու ընտրակաշառքի կամ ընտրական այլ խախտումների դրսևորումները։ Միաժամանակ, Արարատ Միրզոյանը կարևորել է, որ իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լինեն տեղերում անցյալ անպատվաբեր գործելակերպի հնարավոր դրսևորումները բացառելու հարցերը։ Պատվիրակության անդամների հարցին ի պատասխան՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կառավարության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի այն փոփոխություններին, որոնք միտված էին առավել ժողովրդավարական ու ընտրապայքարի մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելուն, քաղաքական բազմակարծության երաշխիքների ամրապնդմանը և այլն։ Պարոն Միրզոյանը նշել է, որ ընտրվելու դեպքում այդ փոփոխությունների իրականացումը շարունակելու է մնալ իր քաղաքական ուժի առաջնահերթությունների շարքում։ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցն առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում: Իր գործունեությունը Հայաստանում ENEMO-ն սկսել է սույն թվականի նոյեմբերի սկզբին, և դիտորդական առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո ևս վեց շաբաթ՝ մեկնելով Հայաստանից 2019 թ. հունվարի կեսերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր