00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

00:32, 05 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Այս մասին տեղեկանում է ԱԳ պաշտոնական կայքից։ «Բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Զոհրաբ Մնացականյանը և Դիդիե Ռեյնդերսը գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում կարևորվեց միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի ամրապնդման ուղղությամբ ջանքերի ներդրումը, այդ թվում՝ եվրոպական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով: ԱԳ նախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգային հարցերը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ: Կառավարության առաջնահերթությունների շարքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն առանձնացրեց զարգացման օրակարգի առաջմղումը և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների կարևոր դերակատարությունը: Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մտքեր փոխանակվեցին Սիրայում տիրող իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Բելգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը:»,- նշված է ԱԳ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր