ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Մենք բողոք ենք ներկայացրել արդար դատաքննության, դատական պաշտպանության եւ իրավունքի պաշտպանության կոնվենցիային առկա գործընթացների համապատասխանության առնչությամբ։ Շատ դետալացված հիմա չեմ ներկայացնի մեր բողոքի մանրամասները, երկուշաբթի մենք հանդես կգանք հայտարարությամբ»,– ասաց պաշտպանը։
Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: