Մազերը թափվում են, եւ սա բնական երեւույթ է: Սակայն եթե տեսնում եք, որ մազաթափությունը անվերահսկելի սահմանների է հասնում, ապա պետք է իմանաք, որ սա խոսում է օրգանիզմում առկա ինչ-որ խնդիրների մասին:
Միջինում մարդ օրական կորցնում է 50-100 հատիկ մազ, եւ սա բնական է: Սակայն եթե մազաթափությունն ավելի շատ է, պետք է հասկանալ դրա պատճառը:
Սովորաբար, մազաթափության պատճառ են դառնում հետեւյալ գործոնները՝ սթրես, հորմոնային խախտումներ, սխալ դիետա, մազերի համար նախատեսված քիմիական նյութերը, որոշակի դեղամիջոցների ընդունումը եւ իհարկե՝ գենետիկան:
Հատկապես տղամարդկանց մոտ մազաթափության կամ քաչալացման գլխավոր պատճառը գենետիկ հակվածությունն է:
Երբ առկա է օջախային ճաղատություն, ապա սա կարող է խոսել աուտոիմունային հիվանդության մասին:
Մազափություն հաճախ սկսվում է որոշ վիրահատություններից հետո, ծննդաբերությունից եւ անգամ վիրուսային հիվանդությունից հետո: Հորմոնալ եւ արյունը ջրիկացնող դեղամիջոցների ընդունումը եւս կարող են մազաթափության հանգեցնել:
Մազաթափության դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է հասկանալ պատճառը: Հասկանալու համար պետք է արյան անալիզ հանձնել՝ պարզելու համար, թե ինչ վիտամիններ, միկրոէլեմենտներ են պակասում արյան մեջ, սրանք եւս կարող են մազաթափության պատճառ դառնալ: Արյան անալիզի միջոցով հնարավոր կլինի պարզել նաեւ, թե արդյուք պատճառը աուտոիմունային հիվանդությունները չեն:
Ամեն դեպքում, մազաթափության դեմ պայքարի առաջին եւ հիմնական քայլը բժշկի հետ խորհրդակցելն է: Պատճառը պարզելուց հետո միայն կարող եք պայքարել խնդրի դեմ:
Աղբյուր՝ Բուժ ինֆո