00:00:00

Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները

04:23, 19 հոկտեմբեր 2018

hetq.am-ը գրում է․ Կիրակի օրը Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ է 12 թեկնածու: Վաղը քարոզարշավի վերջին օրն է: Մինչ այսօր թեկնածուները բացահայտ չեն դժգոհել ընտրապայքարն արդյունավետ կազմակերպելու թեմայով: Սակայն կուլիսներում չեն թաքցնում, որ թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շահարկում է իշխանությունների անունը և այդպիսով հայտնվում շահեկան վիճակում: Մասնավորապես, նա ընտրողների հետ հանդիպման է գնում «Դուխով» գլխարկով, իսկ ընտրողներին հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բնակելի շենքի պատշգամբից նույնիսկ կախված են Դիանա Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի նկարները: Քաղաքապետարանից այդ տեսարանը պարզ երևում է, և որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, քարոզարշավի շրջանակներում վարչապետն այսօր այցելել է Էջմիածին՝ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի: Վարչապետը բացահայտ կոչ արեց քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիներին ընտրել Դիանա Գասպարյանին՝ ասելով, որ նրանք ևս մեկ հեղափոխություն արած կլինեն՝ ունենալով Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի միակ կին թեկնածուն չէ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաև Սուսաննա Մարգարյանը: Դիանա Գասպարյանին աջակցելու էր եկել ոչ միայն վարչապետը, այլև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և այլք: Ի դեպ, վերջիններս Էջմիածնում էին ժամը 17:30-ից, այսինքն՝ աշխատանքային ժամին: Նիկոլ Փաշինյանը Էջմիածին եկավ աշխատանքային ժամի ավարտից հետո: Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի Էջմիածին գալը ողջունում է, պարզապես այն թեկնածուն, որի քարոզչությունն իրականացրել է, բազմաթիվ օրենքներ է խախտել: Ըստ Վ. Մովսիսյանի՝ Դիանա Գասպարյանը օգտագործում է և պետական, և իշխանական ,և վարչական լծակները: Օրինակ բերեց մանկապարտեզներում քարոզչություն իրականացնելը: Վահե Մովսիսյանն ասաց, որ Գասպարյանը բազմաթիվ օրենքներ խախտել է նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ: Որպես օրինակ ասաց, որ կոպտորեն խախտվել է Նախակրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը: Ամառը որոշ ժամանակով մանկապարտեզները փակվել են և քաղաքային իշխանությունները չեն կարողացել ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը: Վահե Մովսիսյանն ասաց, որ փակելու պատճառաբանությունը եղել է շոգ եղանակը: Մինչդեռ նույն շոգ կլիման եղել է նաև Արմավիր քաղաքում, որտեղ մանկապարտեզ չի փակվել: Բացի այդ, եթե վտանգավոր լիներ, Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգար: «Դիմացը ձմեռ է, պիտի ասեն՝ ցուրտ ա՝ երեխեքին մի բերեք, հով ա՝ մի բերեք, զով ա՝ մի բերեք»,- հավելեց Վ. Մովսիսյանը: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում պետական, մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արմավիրի փոխմարզպետը ներգրավված են եղել քարոզչական գործունեությանը, ինչն անընդունելի է իր համար: Վահե Մովսիսյանն ասաց, որ վստահ է՝ այն սպասված արդյունքը, որ իշխանական թեկնածուն ակնկալում է վարչապետի այցից հետո, չի ստանալու: «Էջմիածինցիները գիտակից են: Հարգում, սիրում, մեծարում են մեր սիրելի վարչապետին, բայց հնարավոր է, որ նրա հետ համակարծիք չլինեն»,- ասում է համայնքապետի թեկնածուն: Վահե Մովսիսյանը հավելեց, որ ակտիվ քարոզարշավ է անցկացրել, որևէ խոչընդոտի չի հանդիպել: Ըստ նրա՝ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվել: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ այլ թեկնածուներից ևս: Սուրեն Մուրադյանը չցանկացավ կոնտակտի մեջ մտնել լրագրողի հետ: Մյուս թեկնածուները կամ նպատակահարմար չգտան խոսել այդ մասին, կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին: Ոմանք էլ դժգոհեցին կուլիսներում՝ չցանկանալով բարձրաձայնել այդ մասին: Թեկնածու Դիանա Գասպարյանից ևս ակնկալում էինք պարզաբանում ստանալ: Նրան մրցակից թեկնածուների դժգոհությունը փոխանցել էինք դեռևս օրեր առաջ: Խոստացել էր պատասխանել, սակայն խուսափեց և այդպես էլ չպատասխանեց:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31