ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հանդիպեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Միրզոյանն ասաց, թե քննարկումն անցել է հիանալի մթնոլորտում: Ըստ նրա՝ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր էլ կարող լինել, կա մեկ-երկու տեխնիկական հարց, որը կլուծեն:
Միրզոյանի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր խմբակցության հետ յուրովի է եղել քննարկումը, մասնավորապես՝ «Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել, շատ արագ փոխզիջման են հանգել և համաձայնության եկել, ՀՅԴ-ի հետ որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ են եղել. «Մեծամասամբ խնդիր չկա, բայց 1-2 առանցքային հարցում ՀՅԴ պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, և, ոնց որ թե փոխզիջումային բան էլ չկա, բայց կքվեարկեն, ինչպես կորոշեն»:
Քննադատություններին, որ առաջին անգամ է լինելու, երբ ԸՕ-ն հնարավոր է ընդունվի առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների, Ա.Միրզոյանը դրական է վերաբերվում: