00:00:00

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ

15:20, 13 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ:Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և Հայաստանի բոլոր կողմերում ու նաև Արցախում դպրոցներ բացելու համար: Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից աշխարհ՝ ստեղծեց և Հայաստան բերեց Հայոց այբուբենը, որն այլևս դարձավ մեր ազգային ու հոգևոր ինքնության պահպանման ամենամեծ գրավականը: Բայց նա Հայաստան բերեց նաև ժամանակի գիտության ջահը, որն իր աշակերտները, բորբոքելով և ավելի պայծառ լույս տալով, վերադարձրին աշխարհին: Այդ նրանք ու իրենց աշակերտներն էին, որ ստեղծեցին Հայոց մշակույթի Ոսկեդարը, նրանք էին, որ Հայաստանում սկզբնավորեցին Թարգմանչաց շարժումը և հայերեն թարգմանեցին ու Մաշտոցյան այբուբենով հավերժացրեցին ժամանակի մեծ մտածողների գործերը: Իսկ նրանց ստեղծած մարդկային մտքի գրավոր հուշարձանները աշխարհի համար առ այսօր համարվում են գիտական մանրակրկիտ ուսումնասիրության առարկա ու անընդհատ թարգմանվում են ամենատարբեր լեզուներով: Եվ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, սիրելի աշակերտներ և ուսանողներ. այսօր աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում: Գնացե´ք, սովորե´ք, յուրացրե´ք ժամանակակից գիտության վերջին նվաճումները: Բայց միշտ հիշե´ք, որ Թարգմանչաց շարժման ամենամեծ խորհուրդը զարգացած Հայաստանի տեսլականն էր, և այդ շարժումը սկզբնավորեցին նրանք, ովքեր այն դժվարին ժամանակներում տեսնում էին վաղվա Հայաստանը: Նրանք ժամանակի մտքի հսկաներից էին, աշխարհը կանչում էր նրանց, խոստանում էր ամեն ինչ, բայց գնում ու սովորում էին՝ աչքերի առջև ունենալով Հայաստանի պատկերը և շտապում վերադառնալ: Որովհետև Թարգմանչաց շարժումը Հայաստանին նվիրվելու անդրժելի խոստում էր: Ու Հայաստանում էլ ստեղծեցին այն իսկապես մեծ արժեքները, որոնք օտարության մեջ հաստատապես չէին ստեղծվելու: Այսօր մենք ունենք պաշտպանված և զարգացող Հայաստան ու Արցախ, իրականացնում ենք կրթական ոլորտի հիմնարար բարեփոխումներ, որոնք նոր ու լայն ճանապարհ են բացելու ձեր առջև: Բարի երթ ձեզ: Միայն հիշեք, որ վաղը պիտի այդ ճանապարհով էլ վերադառնաք Հայրենիք և ձեր գիտելիքներն այստեղից ի սպաս դնեք Հայաստանի, Արցախի ու աշխարհի զարգացմանը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Թարգմանչաց տոնի առթիվ, մաղթում առողջություն, խաղաղություն և բարօրություն»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր