Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը մինչ այս հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ, այնուհետ շրջեց մի քանի գործարաններով և համայնքներով: Այժմ Արտաշատի կենտրոնական հրապարակում վարչապետը հանդիպում է քաղաքացիների հետ:
Վարչապետը բնակիչներին ասաց, որ երկրում լուծելու շատ խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել միասին: Իսկ գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն կատարելն է: Ըստ վարչապետի՝ պետք է շեշտը դրվի աշխատանքի, կրթության վրա:
«Այսօր ես եղել եմ գործարաններում, աշխատատեղ կա: Այլ հարց է, որ գործատուն աշխատողի իրավունքը ոտնահարում է, դրա տերն էլ ենք մենք»,- հայտարարեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ եկող տարվա հունվարի 1-ից բարձրանալու է նվազագույն աշխատավարձը, ինչը բնակիչները ծափողջույններով ընդունեցին: Վարչապետը կրկին ընդգծեց, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար բոլորն ազատ են, չկան մենաշնորհներ, բոլորը հավասար են օրենքի առաջ:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի օրերս կայացրած որոշումներին՝ վարչապետը նշեց, որ դա նշանակում է, որ մինչ այդ կայացրած վճիռները կանգնում են ապօրինի հայտարարվելու վտանգի առաջ:
«Իսկ նման վճիռներ կայացրած դատավորները պետք է պատասխան տան ժողովրդի առաջ: Չի բացառվում, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- հայտարարեց վարչապետը:
Հանդիպումը դեռ շարունակվում է: