00:00:00

Դիտակետում քնած զինվորը զենքը պահելու համար «քֆուր է դրել» իրեն խաբողի հասցեին ու սպանվել խաբողի կողմից

21:58, 22 սեպտեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արման Հ.-ի գործի դատական քննությունը: 20-ամյա ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Արման Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ծառայակցին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 10-ին, ժամը 6-ն անց 20-ից մինչև 8-ն անց 20 րոպե, համաձայն հերթապահության գրաֆիկի, Արման Հ.-ն մարտական հերթապահություն է կատարել: Ժամը 8-ն անց 30-ին նա, գտնվելով խրամուղու մեջ, հնչեցված հայհոյանքի պատճառով առաջացած վրեժի շարժառիթով իրեն ամրակցված դիպուկահարի զենքից մեկ կրակոց է արձակել արթուն հերթափոխում գտնվող կրտսեր սերժանտ Գագիկ Մ.-ի վրա: Ստացած հրազենային վնասվածքից Գագիկ Մ.-ն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դատարանը հաստատված է համարել հետևյալը: Դեպքից մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը գործով տուժող Գագիկ Մ.-ն մարտական հերթապահության մեջ է եղել: Նրա հետ նույն հերթափոխում ծառայություն է կատարել շարքային Սարգիս Ն.-ն: Մարտական հերթապահությունն ընդունելուց 3-4 օր անց Գագիկն ու Սարգիսը միասին ծառայություն են իրականացրել հենակետի դիտակետում: Հերթապահության ընթացքում՝ գիշերվա ժամը 4-ն անց 20-ից մինչև 6-ն անց 20-ն ընկած ժամանակահատվածում, Սարգիս Ն.-ն արթուն ծառայություն տանելու փոխարեն իրեն ամրակցված զենքը դրել է դիտակետում՝ իր կողքին, ու քնել է: Գագիկը նկատել է դա ու Սարգիսին խրատելու նպատակով վերցրել է նրան ամրակցված զենքը, իր զենքի հետ տարել, դրել է դիրքի կացարանի մոտ և այնտեղ գտնվող զինվորներին հորդորել է, որ իրեն ու Սարգիսին առանց զենքի տեսնելով՝ ոչինչ չասեն ու հարցեր չտան: Վերադառնալով դիտակետ՝ Գագիկն արթնացրել է քնած Սարգիսին, ձևացրել է, թե ինքն էլ է քնած եղել, ապա «հայտնաբերել է», որ իրենց զենքերը չկան: Ավելի ուշ Սարգիսը նկատել է, որ իրենց զենքերը դրված են գետնատնակի դիտակետում: Գագիկը նրան ասել է, թե իրականում ինքը հերթապահության ժամանակ քնած չի եղել, այլ տեսնելով, որ Սարգիսը քնած է, նրա և իր զենքերը վերցրել ու պահել է՝ Սարգիսին խրատելու նպատակով: Նույն օրը դիրքի ավագը իր մոտ է կանչել Սարգիսին և առանձնազրույց է ունեցել հետը, նախատել ու նախազգուշացրել է հերթապահության ժամանակ քնելու համար: Հաջորդ մարտական հերթապահությունը կատարել են 2017 թվականի ապրիլի 28-ից մայիսի 12-ը: Մայիսի 10-ին, ժամը 6-ն անց 20-ից մինչև 8-ն անց 20 րոպե գրաֆիկի համաձայն՝ մարտական հերթապահություն են իրականացրել Արման Հ.-ն ու Սարգիս Ն.-ն: Նույն ժամանակ հարևան խրամաբջջում արթուն հերթապահություն է կատարել նաև Գագիկ Մ.-ն: Ժամը 8-ն անց 20-ին հերթափոխի ուշանալու պատճառը պարզելու նպատակով Սարգիս Ն.-ն, զենքը թողնելով դիտակետում, գնացել է գետնատնակի ուղղությամբ: Հասնելով գետնատնակի արթուն հերթափոխի դիտակետին՝ նա հայտնաբերել է, որ հերթապահությունն իրականացնող Գագիկ Մ.-ն ծառայության վայրում պատին հենված, կանգնած դիրքով քնել է: Նախորդ հերթափոխի ժամանակ Գագիկի կողմից իրեն «խրատելու» պատճառով վիրավորված լինելով՝ Սարգիսը որոշել է նույն «խաղը խաղալ»՝ նա վերցրել է Գագիկ Մ.-ին ամրակցված զենքը, թաքցրել է, ապա արթնացրել է Գագիկին ու խնդրել է պարզել հերթափոխի ուշացման պատճառը: Այնուհետև Սարգիսը գնացել է դիտակետ՝ իր հետ տանելով Գագիկի ինքնաձիգը: Դիտակետում գտնվող Արման Հ.-ին Սարգիսն ասել է, որ Գագիկի զենքը վերցրել է՝ հերթապահության ժամանակ քնելու պատճառով նրան խրատելու նպատակով: Մոտ հինգ րոպե անց Գագիկ Մ.-ն, հայտնաբերելով, որ զենքը չկա, թողել է իր դիտակետը ու գնացել է դեպի Սարգիսենց դիտակետ: Այդ ընթացքում նա քարեր է նետել դիտորդներ Սարգիսի ու Արմանի ուղղությամբ: Վերջինս քարերի ձայնը լսելով՝ հարցրել է՝ ո՞վ է գալիս, բայց պատասխան չի ստացել: Արմանը լիցքավորել է իրեն ամրակցված դիպուկահարի զենքը ու առաջ է քայլել: Խրամուղում հանդիպել է Գագիկ Մ.-ին: Վերջինս հայհոյանքներ է տվել ու հարցրել է, թե ո՞վ է վերցրել իր զենքը: Արման Հ.-ն ասել է, թե չգիտի: Այդ ժամանակ Գագիկ Մ.-ն կոպիտ հայհոյանք է հնչեցրել իրեն խաբողի հասցեին: Քանի որ Արման Հ.-ն գիտեր՝ Գագիկի զենքը վերցրել է Սարգիսը, ու, փաստորեն, խաբել էր նրան, նա Գագիկի հայհոյանքն ընդունել է իր և իր մոր հասցեին: Նա խրամուղում այդ պահին կանգնած էր՝ լիցքավորած զենքը առաջ պարզած, մատը՝ ձգանին: Հայհոյանքից անմիջապես հետո Արման Հ.-ն քաշել է ձգանը, կրակել է Գագիկի ուղղությամբ ու հրազենային վնասվածք է պատճառել նրան: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Գագիկ Մ.-ն մահացել է: Ըստ Արման Հ.-ի՝ ինքը Գագիկի հայհոյանքից վիրավորվել է ու իրենից անկախ քաշել է ձգանը: Կրակոցից հետո Գագիկը մի քայլ առաջ է եկել, ապա ձախ կողմով հենվել է խրամուղու լանջին և դանդաղ սահել է ներքև: Ինքը խառնաշփոթի մեջ է ընկել, վախեցել է, պահեստատուփը զենքից առանձնացրել ու զենքը լիցքաթափել է: Գագիկի ընկած տեղում՝ խրամուղու լանջին արյուն տեսնելով՝ ինքը վախեցել է, հուզվել, նույնիսկ լաց է եղել, համարձակություն չի ունեցել Գագիկին մոտենալու: Ընկնելուց հետո Գագիկը թույլ շարժումներ է արել, բայց ինքը չի լսել՝ որևէ արտահայտություն նա արել է, թե ոչ: Այնտեղ գտնվող զինծառայողները կրակոցի ձայնից դուրս են եկել, մոտեցել, փորձել են օգնել Գագիկին, բայց ինքը վախից չի կարողացել մոտենալ: Արման Հ.-ն ասել է, թե ինքը հասկանում է, որ սխալ է արել, անկեղծորեն զղջում է կատարածի համար, ներողություն է խնդրում Գագիկի հարազատներից, հասկանում է, որ անդառնալի կորուստ է պատճառել, խնդրում է՝ եթե կարող են, թող իրեն ներեն, նաև խնդրում է իր նկատմամբ մեղմ վարվել… Գագիկ Մ.-ն ընտանիքի միակ զավակն էր, մայրը նրան միայնակ էր մեծացրել… Դատարանը Արման Հ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր