Երեւանում, սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:20-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության կարգախումբը Նալբանդյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարելիս է լինում, երբ տեսուչին են մոտենում Նալբանդյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Վիգեն Պ.-ն ու 23-ամյա Էդգար Պ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՃՈ տեսուչը նկատում է, որ նրանք մարմնական վնասվածք են ստացել եւ ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխում են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց պարզում են, որ նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երեւանի բնակիչ, 29-ամյա Մարատ Մ.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Մարատ Մ.-ին, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարվածները հարազատ եղբայրներ են: