00:00:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի անկախության տոնի առթիվ

02:23, 21 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը: Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար: Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր