00:00:00

Մարտի 1-ին վերաբերող «Ելք»-ի նախագիծը չընդունվեց

19:58, 21 փետրվար 2018

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մի քանի ժամ քննարկումներից հետո մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Կողմ էին միայն «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը, դեմ էին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցության պատգամավորները։ «Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին։ Փաստաթղթում, հիշեցնենք, նշվում էր, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»: Ներկայացված նախագծով ՀՀ իրավապահ մարմիններից պահանջվում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։ Ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը «Ելք»-ը կոչ էր անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։ Բացի այդ, պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։ Նշենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգորյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր