00:00:00

ՄԻՊ-ը վերջին ամսվա ընթացքում ՀՀ սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծելու վերաբերյալ արտահերթ զեկույց կհրապարակի

18:44, 12 սեպտեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանը վերջին ամսվա ընթացքում ՀՀ սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծելու վերաբերյալ արտահերթ զեկույց կհրապարակի: Այս առնչությամբ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի  Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների եւ հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները: Պաշտպանը նաեւ անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաեւ գյուղի դպրոցի ուղղությամբ: ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին եւ սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ: Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի եւ առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաեւ Ոսկեպար - Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթեւեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար: Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաեւ Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաեւ բնակիչների տներում առկա կենցաղային իրեր: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ: Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր