Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ:
Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը:
Դրանից բացի, ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանք գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: