Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը
Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլև պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ: Զորակցում ենք ՀՀ Վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռևանշը խափանելու և նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում և կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության և պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից և առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է: Թե անցյալը, և թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում: Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը: Ըստ այդմ, համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ Վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները.- հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին,
- հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ,
- ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,
- գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին,
- ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար,
- կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: