00:00:00

Ռոմանոս Պետրոսյանը առանձնատուն է կառուցո՞ւմ․ ինչ է կատարվում Կոտայքի մարզում

21:33, 11 սեպտեմբեր 2018

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր իշխանության անդամները, ովքեր պարբերաբար հայտարարում են, որ հին Հայաստանի հին ու բացասական դրսեւորումներն այլեւս անցյալում են, մեղմ ասած որոշների պարագայում իրականությանը չի համապատասխանում։ Թավշյա հեղափոխության արդյունքում՝ ժողովրդի եւ քաղաքական որոշ ուժերի անմիջական աջակցությամբ պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք կոռուպցիան արմատախիլ անելու, միապետական կարգերը տապալելու հայտարարությունների համատեքստում զբաղված են սեփական դիրքերն ու անձնական շահերը ամրապնդելով։ Irakanum.am-ը Կոտայքի մարզի մի խումբ բնակիչներից ստացել է ահազանգեր այն մասին, որ մարզային իշխանությունները՝ մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնամուխ են եղել մարզում կադրային ջարդին։ Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ Ռոմանոս Պետրոսյանը շատ հաճախ անհարկի աշխատանքից ազատում է հնաբնակ աշխատակիցներին, հաշվի չառնելով վերջիններիս անցած ճանապարհն ու մարզին մատուցած շնորհակալ գործունեությունը։ Միաժամանակ Պետրոսյանը ազատվելով նախկին աշխատակիցներից զուգահեռ տեղ է հարթում իր կուսակիցների համար։ Աշխատանքի են ընդունվում այնպիսի կադրեր, որոնք ոչ միայն չեն տիրապետում տվյալ աշխատանքի նրբությանը, այլ նաեւ չունեն բավարար կառավարման փորձ։ Այս ամենին զուգահեռ մարզում նաեւ վախի մթնոլորտ է ձեւավորված։ Բոլոր այն քաղաքապետերն ու գյուղապետերը, ովքեր չեն ենթարկվում Պետրոսյանի սահմանած խաղի կանոններին ստանում են սպառնալիքներ։ Իսկ սպառնալիքների լեզուն հիմնականում հետեւյալն է․ «Ձեզանով կզբաղվի ԱԱԾ-ն ոստիկանությունն ու ՀՔԾ-ն»։ Թե ով է դուխով գլխարկ կրող մարզպետին այս կարգի դուխ տվել դժվար չէ ենթադրել։ Մարզում այս ամենից զուգահեռ մեկ այլ իրավիճակի մասին էլ է բարձրաձայնվում։ Պարզվում է հին Հայաստան քանդող եւ նոր Հայաստան կառուցող մարզեպն այս կարգախոսը շատ ուղղակի իմաստով է ընկալել։ Մեր տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ Պետրոսյանի կառուցվելիք առանձնատնից։ Շինարարական բուռն աշխատանքները մեկնարկել են Պետրոսյանի՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո։ Բացի այդ այս օրերին ինտենսիվորեն ասֆալտապատվում են մարզպետի դղյակ տանող ճանապարհները։ Այս ամենը արվում է բացահայտ։ Ըստ էության նախկին իշխանություններին՝ գումարներ վատնելու, առանձնատներ կառուցելու եւ բազմաթիվ այլ ապօրինությունների մեջ մեղադրող գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչը անում է այն, ինչը հատուկ էր նախկիններին։ Ռոմանոս Պետրոսյանը հեղափոխվել է, թե ոչ։ Այս հարցի պատասխանը թերեւս պետք է տան նրան այդ պաշտոնում նշանակողներն ու նրանից պատասխան ակնկալողները։ Եթե պաշտոնին նշանակողները դա չանեն, կանի ժողովուրդը։ Ի վերջո Պետրոսյանն ու նրա թիմի անդամները բաղձալի պաշտոնին հասել են հենց ժողովրդի աջակցությամբ։ Այս ամենի առնչությամբ Irakanum.am-ը պարզաբանում է ստացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից։ Հարցին, թե աշխատանքից անօրինական ազատումներ լինում են արդյո՞ք, մարզպետն ասաց, որ հիմնականում քաղաքական պաշտոններից են ազատվել մարդիկ՝ սեփական դիմումի համաձայն, պայմանավորված այն հանգամանքով, որ նոր իրողության հետ չեն համակերպվել։ «Ես իսկզբանե ասեմ, որ չկա նման, որ հաշվի  չեն առնվել, այլ խոսքը գնում է որոշակի հայեցողական պաշտոնյաների մասին մարզպետարանում, ովքեր, որ այլ քաղաքական թիմեր են ներկայացնում եւ այդ մարդիկ, եւ նրանք պետք է փոխարինվեն այլ քաղաքական թիմերով։ Մարզպետարանում կան փոխմարզպետներ, օգնականներ, խորհրդականներ եւ այլն։ Իսկ մեր մարզի ՏԻՄ շրջանակներում իմ ղեկավարներից, ովքեր աշխատել են մի քանի տասնամյակ, իրենք պարզապես երեւի նոր իրողություններին չհարմարվելով, տեսնելով մեր նոր կառավարման մշակույթը, տեսնելով որդեգրած աշխատելաոճը, տեսնելով մեր մոտեցումները պարզապես հրաժարականներ են ներկայացրել»։ Ըստ մարզպետի՝ չկա մեկը, որ հայտարարի, թե կրճատման տակ է ընկել, կամ իրեն աշխատանքից ազատել են։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա Ռ․ Պետրոսյանը նշեց, որ նման բան եւս չկա։ Ըստ մարզպետի՝ բոլոր նրանք, ովքեր իրավախախտումներ են արել բնականաբար պատասխան են տալու։  Ռոմանոս Պետրոսյանը հերքեց տեղեկությունները նաեւ այն մասին, որ առանձնատուն է կառուցում, եւ հարում է այլ կրոնական կազմակերպությունների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր