00:00:00

ՊԵԿ-ը պարզաբանել է գործարար Հայկ Բալայանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսագրությունը

02:58, 01 սեպտեմբեր 2018 Իրավական

Գործարար Հայկ Բալայանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի մասին պարզաբանում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն: Պարզաբանման մեջ նշվում է. 09.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տալ թույլտվություն 168 տոննա քաշով օբսիդիան տեսակի քար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտահանելու համար: ԵՏՄ մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները՝ արտահանման մաքսատուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան: Ակնհայտ է, որ ՀՀ տարածքից ապրանքների արտահանման համար անհրաժեշտ է պահպանել Օրենսգրքի վերոհիշյալ նորմերի պահանջները և հայտարարագրել ապրանքները: Որևէ այլ թույլտվության, այդ թվում մաքսային մարմնի կողմից տրամադրվող, անհրաժեշտություն առկա չէ: Չնայած «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության կողմից օբսիդիան տեսակի քարի արտահանման վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմիններին չի ներկայացվել, այնուամենայնիվ, մաքսային մարմինը, 09.08.2018թ-ի դիմումը համարել է որպես ապրանքների հայտարարագրման նպատակով կատարված գործողություն: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ անձի դիմումը, բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը: Նշված դիմումի հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարչական վարույթ, որը պետք է եզրափակվեր բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ կայացնելով: Վարչական վարույթի ընթաքում պարզվել է, որ խնդրո առարկա օբսիդիան տեսակի քարը «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սնանկ ճանաչված «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա կայացած աճուրդով: Իր հերթին «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունը օբսիդիան տեսակի քարը ձեռք է բերել Կանչ համայնքից: Միաժամանակ ՀՀ ՊԵԿ-ում եղել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում օբսիդիանի գլաքարի գործարքի կապակցությամբ «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվում է թիվ 69102218 քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 69102218 քրեական գործի շրջանակներում, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան և Կանչ համայնքների ու «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության միջև օբսիդիանի գլաքարի գործարքների վերաբերյալ փաստաթղթերը հանգամանորեն ստուգվելու և քննության առարկա են դառնալու: Քննության առարկա է այն հարցը, թե օտարված օբսիդիան տեսակի քարը համարվում է պետական, թե համայնքային սեփականություն և համայնքը իրավասու է եղել օտարել նշված ապրանքը, թե՝ ոչ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը: Նշված իրավական նորմի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կասեցրել է «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ինչի մասին վերջինս տեղեկացվել է 14.08.2018թ-ի գրությամբ: 22.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության հիմնադիր Հայկ Բալայանը կրկին դիմել է ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.08.2018թ-ին կայացված «Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է ոչ թե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառված արգելքների և սահմանափակումների առկայության պատճառով, այլ, ինչպես վերը նշվեց, հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումը առաջացրած հանգամանքները վերանալուց հետո: Հաշվի առնելով «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում ներկայացված դժգոհությունները՝ ՀՀ ՊԵԿ-ն գրավոր դիմել է նախաքննություն իրականացնող մարմին, որպեսզի ստանա վերջինիս դիրքորոշումը ապրանքի արտահանման վերաբերյալ: Միաժամանակ աշխատանքային կարգով խնդրվել է հնարավորինս արագ պատասխանել դիմումին: Նախաքննության մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո ՊԵԿ-ը հնարավորություն կունենա ընկերության 22.08.2018թ-ի դիմումի հիման վրա կայացնել համապատասխան վարչական ակտ: Ելնելով վերոգրյալից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործողությունները բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից և որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր