00:00:00

ՀՔԾ պետը պատասխանում է Քոչարյանին. Սասուն Խաչատրյանի սենսացիոն հայտարարությունը

20:15, 30 օգոստոս 2018 Իրավական

Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, որը ճիշտ չէ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկն այն է, որ իրեն մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն նա ինչպես կարող էր ինքն իր կարգը տապալել: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Դիտարկմանը, որ ըստ երկրորդ նախագահի՝ հանրությանը ներկայացվում է 0038 հրամանի միայն այն հատվածը, որը ձեռնտու է վարույթն իրականացնող մարմնին, Խաչատրյանն արձագանքեց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով այդ հրամանը տրամադրող սուբյեկտը՝ ՊՆ-ն, հարմար է գտել գաղտնազերծել: Բոլոր հատվածները, որոնք որոշակի էական նշանակություն ունեն, հանրությանը հայտնի են դարձել»: Հիշեցմանը, որ նախկինում ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ գտնվելով՝ կարող է ապօրինի ազդեցություն գործել վարույթն իրականացնող մարմնի վրա, արդյո՞ք նման օպերատիվ տեղեկություններ կան, Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն փաստարկին, որ ՀՔԾ-ի գործողությունները կապ չունեն 10 զոհի սպանությունների բացահայտումների հետ, ՀՔԾ պետն ասաց. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհի հետ կապ ունի, թե՝ չէ: Սահմանադրական կարգի տապալման և սպանությունների վարույթները միացվել են, չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանին որտեղից տեղեկություն, որ քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ չէ, որ չենք բացահայտի: Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում ու արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով կբացահայտվի»: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այն հայտարարությունը, որ «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել: «Ես այն պաշտոնատար անձը չեմ, որ պետք է մեկնաբանի վարչապետին»: Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են վարույթն իրականացնող մարմնին որպես այդ գործով տուժածներ, ՀՔԾ պետն ասաց. «Ֆորմալ առումով յուրաքանչյուր ոք, ում հանցագործությամբ պատճառվել է նյութական, բարոյական կամ այլ վնաս, կարող է դիմել և ստանալ տուժողի կարգավիճակ, սակայն գոյություն ունեն ողջամտության սահմաններ, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ում ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է, և բոլորը դիմեն ստանան տուժողի կարգավիճակ, դա շատ մեծ բարդություն կառաջացնի վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչը պետք է արվի ողջամտության սահմաններում»: Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանն ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու են հարցաքննության, թե՝ ոչ: «Նախաքննության գաղտնիք է՝ ում, երբ, ինչ հարցերի շուրջ ենք հարցաքննելու, թե՝ չենք հարցաքննելու: Ես որպես սկզբունք, մի անգամ ասել եմ, որ կանչվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են այս գործում էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ թե երբ կկանչվեն, ովքեր կկանչվեն և ինչ արդյունքներ կգրանցվեն, մենք կտանք այն չափով ինֆորմացիա, որը չի վնասի գործին»,- մանրամասնեց Խաչատրյանը: ՀՔԾ պետը նաեւ սենսացիոն հայտարարություն արեց: Նա տեղեկացրեց, որ 0038 գաղտնի հրամանի փաստաթղթերից զատ, կան նաեւ այլ կարեւոր փաստաթղթեր, որոնք կարեւոր դերակատարություն կունենան այս գործում: Սակայն Խաչատրյանը հրաժարվեց դրանց մասին խոսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր