00:00:00

Անցկացվեց միջպետական կանոնավոր փոխադրողների ընտրության մրցույթի գնահատման փուլը

21:00, 31 հուլիս 2018

Երևանի հյուսիսային ավտոկայարանում հուլիսի 31-ին անցկացվեց ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի գնահատման փուլը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 24  կազմակերպություններ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար։ Մշակված է գնահատման հստակ սանդղակ։ Առավելագույնը 40 միավորի շեմն է։ Գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի տարիքը, տեխնիկական վիճակը, սպասարկման չափորոշիչներն ու տրանսպորտային միջոցի հագեցվածությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ Կառավարության դիմաց բողոքող այն փոխադրողների պահանջներին, որոնք փաստացի ոչ կանոնավորի անվան տակ կանոնավոր փոխադրումներ են իրականացրել: «Մենք հանդիպել ենք նրանց հետ և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի իրենց գործառույթներն օրինականացնենք։ Մրցույթից հետո, եթե համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, նրանք կվերադառնան օրինական դաշտ»,- ասաց նա։ Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև փոխադրումները բացառապես ավտոկայարաններից իրականացնելու խնդրին։ «Մշակում ենք ավտոկայարանների հետ համագործակցության նոր քաղաքականություն։ Մրցույթի արդյունքներով ունենալով կանոնավոր փոխադրումներ՝ տվյալ կազմակերպությունը պարտադիր պետք է պայմանագիր կնքի ավտոկայարանի հետ և նոր միայն կատարի փոխադրումներ։ Մենք հանրային քննարկումներ ենք անցկացրել թե՛ կանոնավոր, թե՛ ոչ կանոնավոր փոխադրողների հետ և եկել ենք այն համոզման, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,-ընդգծեց Ա. Փամբուխչյանը։ Արտակ Կնյազյանը, ով բողոքող վարորդների շարքերում էր, նշեց, որ իրենց մասնակցությունը մրցույթին արդեն իսկ առաջընթաց է. «Ողջունելի է։ Առաջին տպավորությունն այն է, որ հավասար հիմունքներով է մրցույթն անցկացվում։ Այն, որ հնարավորություն ունենք մասնակցելու, արդեն մեծ քայլ է»։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով սահմանված բոլոր չափորոշիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր