Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ տիկին Մատերնովայի այցելությունը Հայաստան լավ հնարավորություն է եւս մեկ անգամ քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները:
Կատարինա Մատերնովան ներկայացրել է փոխվարչապետին ԵՄ աջակցության հիմնական գործիքները, խոսել համագործակցությունն առաջ մղելու նոր գաղափարների մասին:
Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումն ու անհրաժեշտ համարել այդ գործընթացում երկու կողմերի համատեղ աշխատանքը:
Մհեր Գրիգորյանը եւ Կատարինա Մատերնովան մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ հանրային կարծիքի հարցման արդյունքների շուրջ՝ երկուստեք կարեւորելով ԵՄ բոլոր ծրագրերում հանրային լայն ընդգրկվածությունն ու տեղեկացվածությունը:
Փոխվարչապետը եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը վստահություն են հայտնել, որ փոխգործակցության մեծ ներուժ կա, որն իրացնելու համար երկու կողմերը պետք է համակարգված եւ ներդաշնակեցված աշխատանք իրականացնեն:
Փոխվարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ փորձագետների հետ սերտ համագործակցությունը ինչպես ՀԸԳՀ կյանքի կոչման, այնպես էլ դրանից բխող բարեփոխումների իրականացման փուլում: Մատերնովան պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարության հետ բացահայտելու համար համագործակցության հետագա հնարավորությունները ԵՄ աջակցության ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցությանը, քննարկել այն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները: Նրանք խոսել են ԵՄ անդամ պետություններից բարձր դասի խորհրդականների ներգրավվելու նոր մեխանիզմի մասին, ըստ որի` խորհրդականները կհամագործակցեն կառավարության հետ՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչմանը, դոնորների հետ փոխգործակցության համակարգմանն աջակցելու գործում, ինչպես նաեւ կօգնեն մասնավոր հատվածին օգտվել ՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող հնարավորություններից: Կգործի նաեւ հավելյալ «CEPA facility» աջակցության գործիքը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու համար: