00:00:00

Թուլություն, սրտխառնոց, փորացավ, ուժեղ գլխացավ. Հայաստանում էնտերովիրուսների աշխուժացում է

02:57, 14 հուլիս 2018

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը (enterovirus infection)։ Դրանք տարածված են տարբեր երկրներում և վտանգավոր են հատկապես երեխաների համար: Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետեւանքով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը: Կարող են դիտվել նաև մրսածության ախտանշաններ: Վիրուսները, մասնավորապես, Կոկսակի Բ ենթատիպը, կարող են ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով անգամ մահվան: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ: Ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում գրանցվում է անբարեհաջող ելք: Ուստի առողջապահության նախարարությունը հորդորում է տենդի, հազի, որովայնի շրջանի, կոկորդի ցավի, մաշկի ցանավորման, գլխացավի, ջրիկ կղանքի առկայության դեպքում ՉԶԲԱՂՎԵ՛Լ ինքնաբուժմամբ և անմիջապես դիմել բժշկական օգնության: Ներքոհիշյալ կանոնների պահպանումը կօգնի նվազեցնել էնտերովիրուսներով հիվանդանալու ռիսկերը Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է`
  • օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
  • խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված  ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
  • խուսափել վարակիչ, մասնավորապես, աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
  • լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,
  • լողալիս հնարավորության սահմաններում բացառել  ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
  • պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից
Վարակման ռիսկը մեծանում է`
  • կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս,
  • հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս,
  • փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս,
  • սննդամթերքի պահպանման սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում,
  • ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս,
  • մրգերը, բանջարեղենը և կանաչին հում ջրով լվանալիս,
  • երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս,
  • լողավազաններում լողանալու դեպքում, որտեղ ջուրը չի ենթարկվում պարբերական ախտահանման և որակի հսկողության, լողափի չմշակված հատվածներում լողանալիս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր