«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։
Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։
Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։
Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։