00:00:00

Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը

23:03, 09 հուլիս 2018

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարևոր և օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային և հոգևոր կառույցների, բարերարների և հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռևս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կյանքում: Սակայն պարզ է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը և կշիռը: և իզուր չէ, որ Հանրապետության նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ս/թ մայիսի 25-ի նիստի ժամանակ երեք ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ: Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը և դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին և մարտահրավերներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր