00:00:00

Ադրբեջանը հստակ մեսիջներ է ուղարկում պատերազմի վերսկսման առումով. Անժելա Էլիբեկովա

23:24, 02 հուլիս 2018

Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի ակտիվ փուլի վերսկսման: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։ Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանը հստակ մեսիջ է ուղարկում հայկական կողմին, որ «պատերազմի վերսկսման դեպքում բարդացնելու է մեր կյանքը՝ բացելով երկրորդ ճակատ, շատ հնարավոր է՝ նաեւ երրորդ ճակատում՝ Տավուշում սկսի խնդիրներ առաջացնել»: «Կարծում եմ՝ հոգեբանական ճնշման խնդիր կա, որովհետեւ գիտենք, որ մեկ ամսից ավելի իրավիճակը սրված է Նախիջեւանի ուղղությամբ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արենիի բնակչությունը սկսեց ահազանգել խնդրի մասին: Ի սկզբանե, ադրբեջանական կողմն իր տարածքում դիրքավորվեց, որոշ դիրքեր անտրամաբանական ձեւով առաջ բերեց՝ մեզ համար անհասկանալի տարբերակով, որովհետեւ գերակա բարձունքները հայկական կողմի վերահսկողության տակ էին, սկսվեց ինչ-որ շարժ՝ ինժեներական աշխատանքներ»,- նշեց Էլիբեկովան: Նրա խոսքով՝ հայկական կողմը, մարդասիրական նկատառումներից ելնելով, խաղաղ բնակիչներին թույլ տվեց այցելել իրենց գերեզմաններ, սակայն ադրբեջանական կողմը դրանից փորձեց օգտվել. «Պրակտիկան նոր չէ, առաջ էլ էին թույլ տալիս մոտենալ, բայց այս անգամ ադրբեջանական քարոզչությունը դա օգտագործեց իր նպատակների համար: Քանի դեռ հայկական հասարակությունը կենտրոնացած էր ներքաղաքական խնդիրների վրա, մենք տեսանք ադրբեջանական մամուլում «ազատագրված» հազարավոր հեկտարների մասին լուրեր եւ, բնականաբար, դա պետք էր կանխել»: Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, երբ նորից ադրբեջանական կողմը փորձեց ինժեներական աշխատանքներ իրականացնել նոր հենակետում, հայկական կողմը, ադրբեջանագետի խոսքով, բավական կոշտ արձագանքեց՝ ոչնչացնելով հենակետը եւ ցույց տալով, որ այլեւս մարդասիրության լեզվով միակողմանի խոսելը հայկական կողմի համար ընդունելի չէ: «Երբ ադրբեջանական կողմն անցկացնում է չհայտարարված լայնամասշտաբ զորավարժություններ, հայկական կողմից արձագանքը տեղին էր եւ խոսուն»,- շեշտեց նա: Անժելա Էլիբեկովան համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի դեպքում միշտ անհանգստանալու առիթ կա. «Մենք պիտի լինենք միշտ զգոն եւ աչք չփակենք տեղաշարժերի վրա: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ակտիվ փուլի վերսկսման՝ ե՛ւ բանակը, ե՛ւ մենք՝ որպես հասարակություն»: Անդրադառնալով բանակցային գործընթացին Արցախի ներգրավման հարցին՝ նա ադրբեջանական դիրքորոշումը բնական համարեց. «Բնական է, որ Ադրբեջանը պետք է կոշտ արձագանքեր մեր մոտեցմանը։ Ադրբեջանը նաեւ քաղաքական դաշտում իր տարբերակն առաջարկեց. խնդիր չկա՝ եկեք Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մասով բանակցեն, Արցախի ներկայիս իշխանությունն ու Ադրբեջանի ղարաբաղյան համայնքը՝ իրար հետ բանակցեն: Մեզ համար դա անընդունելի տարբերակ է»։ Փորձագետը կարծում է, որ շփումներ պետք են, քանի որ եթե երկխոսություն չլինի, պատերազմն արագ տեմպերով կմոտենա: «Արցախի ձայնը բանակցություններում պետք է լսելի լինի։ Ի՞նչ ֆորմատով՝ չեմ պատկերացնում նման իրավիճակում, քանի որ նման փոփոխության ցանկացած փորձ Ադրբեջանի կողմից բավական կոշտ արձագանքի է հանդիպելու: Ադրբեջանը դեռ հրաժարվում է առհասարակ դուրս գալ բանակցությունների, նույնիսկ արտգործնախարարների մակարդակով հանդիպում դեռ չունենք։ Տեղեկություն չունեցանք՝ Մոսկվայում Ալիեւ-Փաշինյան հանդիպումն ինչպես տեղի ունեցավ, սակայն շփումներ պետք են»,- հավելեց Էլիբեկովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր