00:00:00

Արցախի խորհրդարանում տհաճ միջադեպ է տեղի ունեցել

22:56, 28 հունիս 2018

Այսօր՝ հունիսի 28-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ընդհարում է եղել պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի օրակարգային հարց հանդիսացող Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կառավարության լիազոր ներկայացուցիչների կողմից ներկայացվելուց հետո տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ղեկավարները:
«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի տեսակետը վրդովմունք է առաջացրել Ժաննա Գալստյանի մոտ, ինչն էլ հանգեցրել է լեզվակռվի:
Արդյունքում «Հայրենիք» խմբակցության կողմից ներկայացվել է որոշման նախագիծ՝ ստեղծելու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով:
Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի խոսքով՝ պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու պատճառով ստեղծված հանձնաժողովը կունենա 5 անդամ՝ 2-ը՝ «Հայրենիք», 1-ական՝ «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն» և «Շարժում 88» խմբակցություններից: Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվել է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ը: Խորհրդարանը որոշման նախագիծն ընդունել է միաձայն:
Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ 2017 թ.-ին անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 272.1 միլիարդ դրամ: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 միլիոն 855 հազար 900 դրամ կամ 3844.8 ԱՄՆ դոլար՝ 2016 թվականի՝ 1 միլիոն 577 հազար 300 դրամի կամ 3282.6 ԱՄՆ դոլարի դիմաց:
Նախարարի խոսքով՝ ներկայացված հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում: Հաշվետվության շուրջ ծավալված քննարկումների արդյունքում բարձրացվել են բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք պարզաբանվել են պետական կառավարման մարմինների պատասխանատուների կողմից:
ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Ելույթներով հանդես են եկել նաև խմբակցության ղեկավարները, իսկ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի անդամ Գրիգորի Կասպարյանը:
Այսօրվա նիստին ներկա 29 պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունել են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» օրենքների նախագծերը:
Երկրորդ ընթերցմամբ 25 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է նաև «Հավաքների ազատության մասին» օրենքը:
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ երեկվա նիստից հետո պատգամավորների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման  2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը ևս ընդունվել է Խորհրդարանի կողմից:
Նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Աշոտ Ղուլյանը, Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր