00:00:00

Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Աշոտյան

19:40, 27 հունիս 2018

Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Իր ելույթում նա անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ օրակարգային այլ հարցերի:Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Երեւան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին: Կարեւորվել է նաեւ այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարեւոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: Անդրադառնալով նոր կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է անհանդուրժողականությունն արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումների բացառումը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանն ընդգծել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի առավել լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական եւ մյուս ոլորտներում աջակցության ու համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա: Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության կարեւորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար այն, որ տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը երբեւիցե կլինի խաղաղության եւ համագործակցության օրրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր