Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ զրույցում խորհուրդներ է տվել, թե ինչպես փրկվել շոգին։ Նա ասել է, որ պետք է շատ ջուր խմել։ Կօգնի նաեւ ավանդական հայկական թանը։
Փոխարենը մասնագետը խորհուրդ է տվել խուսափել գազավորված ըմպելիքներից, սուրճից ու ալկոհոլից:
«Գազավորված ըմպելիքները, կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները ջուր են կլանում առանց այն էլ ջրազրկված օրգանիզմում ու վատթարացնում օրգանիզմի վիճակը»,- ասել է նա։
Մասնագետը նաեւ նշել է, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել ճիշտ սնվելուն։ Պետք է լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, չօգտագործել բացօթյա պայմաններում պատրաստված սնունդ, հրաժարվել փափուկ պաղպաղակից ու թարմ մրգային հյութերից։ Բակունցը նաև կոչ է արել հրաժարվել կրեմով խմորեղենից, սահմանափակել յուղոտ սննդի գործածումը։
Բակունցը նշել է, որ տարիքով մարդիկ, քրոնիկ հիվանդները, երեխաներն ու հղիները պետք է խուսափեն ցերեկային ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ լինելուց։ Նա խորհուրդ է տվել վերջիններին ցերեկային ժամերին պառկած մնալ, եթե անգամ չեն ուզում քնել։ Նա նաեւ խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքերը ու ցնցուղ ընդունել։ Փողոցում էլ պետք է գլխարկ ու արևապաշտպան ակնոց կրել։