00:00:00

Գուցե որոշ տեղամասերում ավելի քիչ են կրակոցները, բայց հակառակորդի զորքի տեղաշարժ է կատարվել, և կուտակումներ կան. Դավիթ Բաբայան

03:12, 27 հունիս 2018

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, ասաց, որ գուցե որոշ տեղամասերում ավելի քիչ են կրակոցները, բայց հակառակորդի զորքի տեղաշարժ է կատարվել, և կուտակումներ կան: «Կրակոցների թիվը նվազել է ոչ թե նրա համար, որ հակառակորդը փոխել է իր տեսլականը կամ դարձել է բարի, պարզապես ինչ-որ մարտավարական, ռազմավարական հանգամանքներ հաշվի է առնում:  Ընդհանուր առմամբ, նա իր տեսլականը կարծրացրել է և ավելի ագրեսիվ է դարձել»,- ասաց նա: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե հակառակորդը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող ոչնչացնել, և կգա մի օր, երբ «ադրբեջանական դրոշը կբարձրացվի հայերի կողմից շրջափակված տարածքներում», Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք էլ ասում ենք, որ երբևէ թող չմոռանան, որ այս պատերազմը կյանքի և մահվան խնդիր է, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հողը, մեր երկիրը, արժանապատվությունը և այդ ճանապարհին անելու ենք ամեն ինչ երկրի անվտանգության համար: Իրոք, Արցախի դրոշները ծածանվելու են Բաքվում բոլոր պետական կառույցների վրա, որովհետև կապիտուլյացիայի պետք է ենթարկվի Ադրբեջանը, և եթե Ալիևը ողջ մնա՝ անպայման մասնակցելու է այդ շքերթին՝ որպես ռազմագերի»: Բաբայանը կոչ արեց՝ Ալիևը նայի Երկրորդ համաշխարհային պատերազմի կադրերը և տեսնի, թե ինչպես են ֆաշիստները քայլել Մոսկվայում, քանի որ նույն ճակատագիրը իրեն է սպասվելու, եթե այդպես շարունակի: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է զոհաբերել տասնյակ հազարավոր մարդկանց ինչ-որ մոլագարի համար, որը թալանել է ժողովրդին: Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ կարող է թիրախավորել ցանկացած ռազմական օբյեկտ Արցախում և Հայաստանում, թող չմոռանա, որ նույնը մենք կարող ենք անել»,- ասաց նա։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ անպայման միջազգային հանրությունը համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի: «Սա ոչ այլինչ է, քան միջազգային հանրության հանդեպ անհարգալից վերաբերմունք, ֆաշիզմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության մեջքին հարված, և նման քայլերը չպետք է անպատասխան մնան»,- ասաց նա: Բաբայանը նշեց, որ սովորաբար հանցագործները թաքցնում են իրենց մտադրությունը, իսկ Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում: Նա նշեց, որ երկու հիմնական հանգամանքից են կախված Ադրբեջանի գործողությունները: «Առաջինը՝ հակառակորդը միշտ պետք  է զգա, որ մենք ավելի ուժեղ ենք և ցանկացած գործողություն ձախողելու են, երկրորդը՝  միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը պետք է լինի, որ նման քայլերն անընդունելի են, քանի որ դա անկանխատեսելի հետևանքների կբերի»,- ասաց նա և հավելեց, որ այդ ամենը կարող է բերել տարածաշրջանային և չի բացառվում՝ գլոբալ խնդիրների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր