00:00:00

Վերեւներին այլեւս «մաղարիչ» պետք չէ. Շիրակի մարզպետի տեղակալն ասուլիս է հրավիրել

02:26, 27 հունիս 2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանն ասուլիսը սկսեց երեկ Ղազանչի գյուղի դպրոցում տեղի ունեցած մրցույթի արդյունքների ամփոփմամբ: Պատմեց, որ անակնկալ այցելել եւ ամբողջ մրցույթի ընթացքում ներկա է եղել: «Ես կրթության վարչության պետին խնդրել էի, որ իմ այդ այցի մասի ոչինչ չասի դպրոցի տնօրենին ու  հանձնաժողովականներին: Ուզում էի հասկանալ, դպրոցների տնօրենների հետ արդյո՞ք իմ 3 օր առաջ անցկացրած հանդիպումը ծառայել է իր նպատակին, թե՝ ոչ: Չէին սպասում, որ ես իմ խոստմանը, իմ  երդմանը հավատարիմ լինելով  հայտնվեմ, հետեւեմ ընթացքին  եւ  թույլ չտամ, որ անօրեն կերպով ընտրություն կատարվի»: Դատելով Ղազանչիում տեղի ունեցածից, ենթադրելի է, որ Սոֆյա Հովսեփյանի օրեր առաջ ասածը լավ չի հասկացվել: Մրցույթին երկու թեկնածու է մասնակցել, գրավոր եւ բանավոր փուլում երկուսն էլ հավասար միավորներ են վաստակել: Սակյն ունեցել են կարեւոր տարբերություններ: Պատմության ուսուցչի թափուր տեղի համար պայքարած առաջին թեկնածուն, ով այդ գյուղից է եղել, ունեցել է միայն բակալավրի որակավորման հեռակա ուսուցման դիպլոմ, երկրորդ թեկնածուն հարեւան համայնքի բնակիչ է եղել եւ ունեցել է բակալավրի եւ մագիստրոսի որակավորման կարմիր դիպլոմներ: Այլ օբյեկտիվ պատճառներ եւս կային, որ երկրորդ թեկնածուին հանձնաժողովը տար նախապատվությունը, սակայն  ընտրեցին իրենց գյուղի բնակչին, իսկ երկրորդին բոլորը, բացի հանձնաժողովի մեկ անդամից, դեմ քվեարկեցին,-պատմեց մարզպետի տեղակալն ու նշեց, որ միջամտել եւ այլ որոշում է կայացրել: Երկուսին էլ սեպտեմբերին հրավիրել են դպրոց երկու շաբաթ աշխատելու, որպեսզի պարզ դառնա, թե նրանցից ով կկարողանա աշխատել դպրոցում եւ նպաստել կրթության որակի բարձրացմանը: Այսուհետ, ըստ Սոֆյա Հովսեփյանի, բոլոր դպրոցներում մրցույթներն անցկացվելու են բաց ու թափանցիկ: «Իմ ձեռքի տակ արդեն կան բոլոր մրցույթների օրերը, կաշխատեմ բոլորին էլ ներկա լինել: Շատ խիստ ենք լինելու, ոչ թե վախեցնելու, այլ  օրենքի եւ թափանցիկության շրջանակներում պետք է լինեն ընդունելությունները դպրոցներում: Իմ խոսքին հետեւողական եմ լինելու, հանուն մեր  մարզում կրթության զարգացման, որովհետեւ ամեն մարդ չի կարող լինել դպրոցում, որովհետեւ տնօրենն էր այդպես ուզում:  Տնօրենները պետք է հասկանան, որ չի կարելի այդ վնասակար սովորույթները դարձնել կենսակերպ եւ չգիտակցել, որ այս երկրում իրադրությունները իսկապես փոխվել են, եւ այլեւս իրենք չեն կարող գործել այնպես, ինչպես գործել են»: Ըստ Սոֆյա Հովսեփյանի, այլեւս որեւէ մանկավարժ Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում «մաղարիչով»  չի հայտնվի: «Խնդրանքով  դիմում եմ Շիրակի մարզի քաղաքացիներին:  Եթե որեւէ մեկը կլսի կամ կտեսնի, որ  որեւէ դպրոցում ուսուցիչներից դպրոց ընդունվելու համար «մաղարիչ» են ուզում, հատկապես, որ նախկինում ասում էին, թե դա «վերեւներից» են ուզում, մեզ տեղյակ թող պահի:  «Վերեւներ»-ն այլեւս այդ գումարները չեն ուզելու, «վերեւներ»-այլեւս էդ գումարին չեն սպասում:  Չհամարձակվի որեւէ տնօրեն երբեւէ շահարկի, թե «վերեւներին»,  այսինքն մարզպետարանի կրթության վարչությանը կամ որեւէ մեկին, կամ Շիրակի մարզպետին են այդ գումարը տալու:  Եվ այդ կերպ վերցնեն ուսուցիչներից գումար»: Շիրակի մարզում, ըստ մարզպետի տեղակալի, տարիներ շարունակ  դպրոցների տնօրենները կրթությունը չեն կարեւորել, փոխարենն իրենց դպրոցներում աշխատանքով են ապահովել ծանոթ-բարեկամներին, ընտանիքի անդամներին:  Այն մարդկանց, ում արդեն ընդունել են, որեւէ բան չենք կարող անել,  որ  ազատենք աշխատանքից,միայն կարող ենք    իրենց աշխատանքի որակը  ստուգել, իսկ դա  հետագայում կլինի, դա ժամանակի հարց է,-ասաց Սոֆյա Հովսեփյանը: «Ես  չեմ ընկնելու այն հանգամանքի հետեւից, որ նա կարող է լինել  դպրոցի տնօրենի հարսը, ինձ համար կարեւոր է լինելու, որ նա տա երեխային առավելագույնը: Դպրոցի տնօրենի  հարսն էլ  է ավարտել եւ մասնագետ է,ուստի  ունի իրավունք աշխատելու:  Ուղղակի մենք պետք է հետեւողական լինենք, որ մինչ այս ինչպես որ թափանցել են նրանք դպրոց, բացառենք»: Գիտե՞ք, որ տարվա այս ժամանակահատվածում տնօրենները ճնշում են այն ուսուցիչներին, ովքեր պետք է առաջին դասարանների դասղեկներ լինեն: Նրանց ստիպում են անգամ գետնի տակից գտնել եւ առաջին դասարանցի բերել դպրոց, հակառակ պարագայում սպառնում են ուսուցչին աշխատանքից ազատել,-ՀԺ-ի հարցին մարզպետի տեղակալը պատասխանեց՝ իրավունք չունեն: Աշակերտ ունենալը մանկավարժի պարտավորությունը չէ, այլ՝ տնօրենի: Շիրակի մարզում հիմա դպրոցների ապաքաղաքականացման, ապակուսակցականացման եւ կառավարման խորհուրդների լուծարման գործընթաց է մեկնարկել:  «Մենք ինքներս այս հարցում հետեւողական ենք լինելու, դպրոցներ են եղել, ովքեր դիմել են կուսակցությունից դուրս գալու համար, ես խնդրել եմ իրենց տրամադրեն դիմումների օրինակներ, իրենց կամքն է,  դուրս են գալիս:  Այսուհետ որեւէ կրթական հաստատություն, քանի դեռ մենք էստեղ ենք, չի կարող դառնալ որեւէ կուսակցության գործիքը:  Հակառակ պարագայում  առաջին պատասխանը   կտա տնօրենը՝ խիստ նկատողությունից մինչեւ   աշխատանքից ազատում»,-վստահեցրեց Շիրակի մարզպետի տեղակալը :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր