00:00:00

Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Արմեն Աշոտյան

00:59, 27 հունիս 2018

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի ad-hoc պատվիրակությանը՝ Երևան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին, Արմեն Աշոտյանը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար: Արմեն Աշոտյանն իր խոսքում նաև ընդգծել է, որ նոր Կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարևոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: Անդրադառնալով Հայաստանում ձևավորված նոր Կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է անհանդուրժողականության արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներից ելնելով դատական հետապնդումների բացառումը: Իր խոսքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին, այս համատեքստում կարևորել ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանը կարևորել է «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի ավելի լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական և մյուս ոլորտներում աջակցության և համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա: Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար առ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս համատեքստում նաև նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը կլինի երբևիցե խաղաղության և համագործակցության օրրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր